Վրաստանի կառավարությունը հղիության արհեստական ընդհատումների (աբորտների) ուղղությամբ «լրացուցիչ միջոցներ» կձեռնարկի: Երկրի գործադիրի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովրդագրական հարցերի վերանայման խորհրդի հերթական նիստում:
Խորհրդի անդամները հանդիպմանը քննարկել են ժողովրդագրական միտումները և այն կարիքները, որոնք առկա են ժողովրդագրական իրավիճակի բարելավման առումով. «Ինչպես նշվեց հանդիպմանը, սկսվել են հետազոտություններ՝ բացահայտելու ժողովրդագրական իրավիճակի վատթարացման պատճառները, իրավիճակի բարելավման հնարավորությունները, ժողովրդագրական գործընթացների խթանմանը խանգարող խոչընդոտները»:
Քննարկել են հղիության արհեստական ընդհատումների «տագնապալի» վիճակագրությունը՝ ընդգծելով այս ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների պլանավորման անհրաժեշտությունը։
«Շեշտվել է այս ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների պլանավորման անհրաժեշտությունը։ Նիստում միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների փաթեթ, որը ներառում է ինչպես գործող ծրագրերի ընդլայնում, այնպես էլ նոր նախագծեր։ Ժողովրդագրական խորհրդի հաջորդ նիստում աշխատանքային խումբը նախագծերի տեսքով առավել մանրամասն կներկայացնի նշված նախաձեռնությունների փաթեթը»,- կարդում ենք հայտարարության մեջ։
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ է նշանակում հղիության արհեստական ընդհատման «տագնապալի» վիճակագրություն, քանի որ 2012 թվականի համեմատ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կայքում տեղադրված տվյալների համաձայն, այն 2022 թվականին նվազել է գրեթե 2,5 անգամ։
2012 թվականին գրանցված հղիության արհեստական ընդհատումների թիվը կազմել է 39 հազար 200, իսկ 2022 թվականին այն նվազել է մինչև 16 հազար 600։