Նոր քաղաքական կենտրոն ընդդիմության համար. «Եվրոպական Վրաստան»-ի առաջարկը 

Վրաստանն ազատ ու անվտանգ եվրատլանտյան ընտանիք վերադարձնելու համար «Եվրոպական Վրաստան»-ն ընդդիմադիր մյուս կուսակցություններին առաջարկում է ստեղծել նոր քաղաքական կենտրոն։ Կուսակցությունն այս հարցով արդեն հրապարակային կոչ է արել։

«Մենք ճիշտ քայլ ենք համարում այնպիսի քաղաքական կենտրոնի ստեղծումը, որը, մի կողմից, կհաղթի ռուսական ռեժիմին (նկատի ունի իշխող «Վրացական երազանք»-ին — հեղ.), մյուս կողմից՝ արագ կգործի բարեփոխումներն իրականացնելու համար, որոնցից մի քանիսը ներկայացված են նախագահի նախաձեռնած «Վրացական խարտիա»-ում»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։

Նշված է նաև, որ ներկայիս իշխանությունը փոխելու համար հարկ է, որ մարդիկ տեսնեն` «Իվանիշվիլիի (նկատի ունի իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին — հեղ.) ռեժիմն այլընտրանք չէ այսօրվա «Միացյալ ազգային շարժում»-ին»։

«Վերջին երեք ամիսների ընթացքում հասարակական բողոքն ու հասարակական արձագանքը ցույց տվեցին, որ քաղաքացիների մեծ մասն արդեն քաղաքական դատավճիռ է կայացրել ռեժիմի համար։

Այժմ կարևոր է, որ Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության տրամադրությունը 2024 թվականի ընտրություններում վերածվի ուժեղ աջակցության ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի պատրաստ լինենք պաշտպանելու մեր ազատ ընտրությունը և խլելու իշխանությունը դավաճաններից»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։

Ի դեպ, Վրաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսանոց շեմով։ Այս ընտրությունների համար Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր կուսակցություններին առաջարկել է «Վրացական խարտիա»-ն։ Նախագահի խոսքով, «Վրացական խարտիա»-ն արտացոլում է հասարակության կարգն ու պահանջը։

Ավելին՝ ստորև հոդվածում:

Զուրաբիշվիլիի «Վրացական խարտիան»՝ եվրատլանտյան ուղին փրկելու միջոց. կարծիքներ