Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նիստում քննարկվել է ծխախոտի տուփերի ստանդարտացված փաթեթավորման հարցը։
Առանց ստանդարտացված փաթեթավորման ծխախոտի վաճառքը պետք է արգելվի 2023 թվականի հունվարի 1-ից։ Խոսքը վերաբերում է ծխախոտի արտադրանքի գրավչության նվազեցմանը, առողջությանը սպառնացող վտանգների մասին նախազգուշացումներին։
Առողջապահության կոմիտեի նախագահ Դիմիտրի Խունդաձեի խոսքով՝ Վրաստանում սկսվել է ծխախոտից ազատվելու գործընթացը, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այն։
«Ավելի քիչ ծխողներ և ավելի շատ առողջ քաղաքացիներ. սա անհրաժեշտ պայման է մի երկրի համար, որն ունի ժողովրդագրական խնդիրներ։ Մենք ձգտում ենք բնակչության առողջությունը պաշտպանել՝ ծխախոտի ազդեցությունը հնարավորինս նվազեցնելով», — ասել է Խունդաձեն։
Ըստ առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի՝ առանց ստանդարտացված փաթեթավորման ծխախոտի արտադրանքի վաճառքի արգելքը լիովին համապատասխանում է «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» պահանջներին և ԵՄ օրենսդրությանը: