Նոր հնարավորություններ, նոր հաջողություններ. Անզոր Մալխասյանի պատմությունը

Յուրաքանչյուր հաջողության պատմություն սկսվում է երազանքից, մեծ ցանկությունից սովորելու, զարգանալու և հասնելու նոր բարձունքների։ Անզոր Մալխասյանը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից, այսօր համարվում է երիտասարդներից մեկը, ում կրթության և անձնական զարգացման ուղին կարող է ոգեշնչել շատերին։

Անզորի ձգտումը դեպի բարձրագույն կրթություն ձևավորվել է դեռ դպրոցական տարիներին։ Նա գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցը։

«Միշտ սիրել եմ գրելն ու կարդալը, ցանկացել եմ ավելին իմանալ և ուսումնասիրել։ Այդ տարիներից ի վեր իմ նպատակն էր շարունակել ուսումս և ստանալ բարձրագույն կրթություն, որն այսօրվա դրությամբ համարում եմ կատարված», — նշում է նա։

Դպրոցն ավարտելուց հետո Անզորը որոշեց կրթությունը շարունակել Թբիլիսիում՝ Իլիայի պետական համալսարանում։ Ընտրությունը պայմանավորված էր ոչ միայն համալսարանի ակադեմիական բարձր մակարդակով, այլև լեզվական միջավայրով։

«Այստեղ լավ են սովորեցնում պետական լեզուն, դասընթացները կազմակերպվում են արդյունավետ և ժամանակակից մեթոդներով։ Մեր համալսարանն ունի բազմաթիվ միջազգային ծրագրեր և համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում ուսանողներին», — պատմեց նա։

Սկզբնական շրջանում ուսանողական կյանքը հեշտ չէր, հատկապես լեզվի խնդրի պատճառով, սակայն կարճ ժամանակում նա կարողացավ հաղթահարել այդ խոչընդոտը։ Այսօր նա վստահորեն ասում է, որ համալսարանական տարիները դարձել են իր կյանքի ամենահետաքրքիր և կարևոր շրջաններից մեկը։

Անզոր Մալխասյանի հաջողությունների շարքում հատկապես առանձնանում է ERASMUS+ ծրագրով Չեխիայում ուսանելու հնարավորությունը։ Չնայած որոշ դժվարություններին՝ նոր միջավայր, լեզվի և կրթական համակարգի տարբերություններ, այս փորձառությունը նրան տվել է անգնահատելի գիտելիքներ ու նոր հմտություններ։

 

«Նոր հնարավորություններ, նոր հաջողություններ, կյանքում նոր բաներ սովորելը, նոր բացահայտումները ոգեշնչում են իմ զարգացումը»,- ասաց Անզորը։

Նրա համար կարևոր է նաև ընտանիքի աջակցությունը. «Ծնողներս և հարազատներս միշտ իմ կողքին են եղել։ Իմ յուրաքանչյուր հաջողություն մեծ երջանկություն է նրանց համար, և այդ աջակցությունն ինձ ուժ է տալիս առաջ գնալու»։

Ապագայում Անզորը մտադիր է շարունակել մասնագիտական զարգացումն ու օգտագործել իր գիտելիքները նոր հաջողությունների հասնելու համար։ Նրա նպատակն է մշտապես բացահայտել նոր հնարավորություններ, սովորել ավելին և կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում վերածել նոր հաղթանակի։

Անզոր Մալխասյանի պատմությունը վկայում է, որ նպատակասլացությունը, անընդհատ սովորելու ցանկությունը և շրջապատի աջակցությունը կարող են բացել դռներ դեպի մեծ հաջողություններ։

Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան