Նոր ընտրությունների անցկացման կոչ ԵԽ պատգամավորներից

Վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» և «Միասնություն — Ազգային շարժում» ուժերի առաջնորդները երեկ՝ նոյեմբերի 27-ին, հանդիպել են Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորների հետ։

Հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Եվրախորհրդարանի պատգամավորները Վրաստանում անցկացված ընտրությունների մասին ասել են՝ «դրանք չեն կարող համարվել ազատ և արդար»։

ԵԽ պատգամավոր Պետրաս Աուստրևիչուսի խոսքով, ընտրություններում եղել են խախտումներ, որոնք խաթարել են ընտրությունների ազատությունը Վրաստանում:

«Այս ամենը մեզ ստիպել է համաձայնության գալ ընտրությունների արդյունքների շուրջ՝ դրանք  ազատ և  թափանցիկ չէին։ Այդ պատճառով կոչ ենք անում հնարավորինս սեղմ ժամկետներում Եվրամիության գլխավորությամբ սկսել միջազգային հետաքննություն։
Վրաստանում այս ընտրությունները, անշուշտ, հսկայական ազդեցություն կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա, հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է Վրաստանի՝ թեկնածու երկրի կարգավիճակին»,- ասել է ԵԽ պատգամավորը:

«Ես այստեղ եմ ոչ միայն որպես Վրաստանի վերջին հինգ տարիների բարեկամ, այլ նաև միջազգային դիտորդական առաքելության անդամ։ Մենք՝ Եվրախորհրդարանի առաքելության ներկայացուցիչներս, ընտրություններում ականատես ենք եղել մանիպուլյացիոն բազմաթիվ մեթոդների կիրառման։ Անշուշտ, տեղյակ եք ԵԱՀԿ-ի, Եվրամիության զեկույցներին, գիտեք, որ մեր կարծիքով, այս ընտրությունները հեռու էին արդար համարելուց», — իր հերթին նկատել է ԵԽ պատգամավոր Մարկետա Գրեգորովան:

ԵԽ պատգամավո Ռասա Յունկևիչիենեն ընդգծել է. «Հասկանալի է, որ Վրաստանում ընտրությունները չեն կարող համարվել ազատ ու արդար։ Իմ կարծիքով, ամենակարևորը ընտրությունների ճանաչումը մերժելն է, բարելավված ընտրական միջավայրում, անաչառ և անկախ ընտրական վարչակազմի կողմից վերընտրությունների կոչ անելը՝ արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու համար։ Սա է ամենակարևոր ուղերձն ու միակ լուծումը»։