Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ կոչ անելով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քաղբանտարկյալներին ազատ արձակել և «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում «փորձաշրջանով» ճանաչել մինչև 2025 թվականի ապրիլ` սահմանափակ իրավունքներով:
ԵԽԽՎ-ն հունվարի 29-ին ընդունած բանաձով «Վրացական երազանք»-ին կոչ է անում քաղբանտարկյալներին ազատ արձակել և նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ մինչև 2025 թվականի ապրիլ։
Որոշմամբ նաև «սահմանափակ» են ճանաչվել «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները, և այս հարցը քննարկման կվերադարձվի 2025 թվականի ապրիլին։
Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության արդյունքում «Վրացական երազանք»-ի ներկայացրած փոփոխությունները ձախողվեցին։
Համատեղ բանաձևին աջակցել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 114 անդամներ, 7-ը ձեռնպահ են մնացել դիրքորոշում հայտնելուց, իսկ 13-ը դեմ են քվեարկել։
Բանաձևում ասվում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները՝ ներառյալ հավաքների և արտահայտվելու ազատության խախտումը, ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները, հակասում են Վրաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի պարտավորություններին։
Ընդունված փաստաթղթում նշվում է նաեւ, որ Վեհաժողովը Վրաստանի կառավարությունից պահանջում է անհապաղ կատարել մի շարք պայմաններ։ Դրանց թվում.
- անհապաղ վերացնել վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված թերությունները,
- ստեղծել ընտրական միջավայր, որը կնպաստի իրապես ժողովրդավարական նոր ընտրությունների անցկացմանը,
- նաև առաջիկա ամիսներին նոր ընտրություններ նշանակել:
«Վրացական երազանք»-ը դեմ էր այս բանաձևին և կոչ արեց վեհաժողովին չընդունել։ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ Թեա Ծուլուկիանին և Գիվի Միքանաձեն բանավեճի ընթացքում պաշտպանեցին կուսակցության դիրքորոշումները՝ ասելով, որ իշխանության ճանաչման վերաբերյալ վերապահումները «խնդրահարույց են»։