«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ Էկա Բեսելիայի` խորհրդարանի իրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հարցը քննարկվել է դեռևս ամռանը: Իվանիշվիլին պնդում է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է Բեսելիան իր հեռացումը կապում դատավորների թեկնածուների հարցի հետ:
«Հասարակությանը հայտնի է, որ հարցի վերաբերյալ քննարկումների հետաձգման մասին խորհրդարանի խոսնակը հայտարարել է դեկտեմբերի 26-ին: Այս ֆոնին, անհասկանալի էր Էկա Բեսելիայի հայտարարությունը, որով նա դեկտեմբերի 27-ին իր հեռացումը կապում էր դատավորների թեկնածուների հարցի հետ: Ցանկանում եմ հասարակությանը հայտնել, որ Էկա Բեսելիայի` նշված պաշտոնից հեռացման և փոխխոսնակ նշանակելու որոշումները կայացվել են ամռանը: Նշված որոշումը կապված էր դեռևս 2017-ից առկա այն դժվարությունների հետ, որն էլ իմ` քաղաքականություն վերադառնալու հիմնական պատճառներից էր: Դա թիմային մոտեցման բացակայությունն էր:
Այս կոնտեքստում, ցավալի է, որ դեռևս նախորդ տարվա ամռանը, ամբողջովին այլ հիմքով ընդունված որոշումը Էկա Բեսելիան կապել է դատավորների թեկնածուների հարցի հետ: Էլ ավելի անհասկանալի են այն որոշումները, որոնք նա ընդունել է պաշտոնից հեռանալուց հետո` առանց խորհրդարանի բյուրոյին նամակ գրելու և խորհրդարանի կանոնակարգերը խախտելով Գեդևան Փոփխաձեին նշանակել է իրավական հանձնաժողվի առաջին տեղակալ: Նա թիմին դեմ է գնացել: Թիմի հանդեպ նման վերաբերմունքը հաշվի առնելով, օրակարգից հանվել է Էկա Բեսելիային` խորհրդարանի փոխխոսնակ ընտրելու հարցը»,- հայտարարել է Իվանիշվիլին: