Սեպտեմբերի 24-ից Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ 25 նոր ավտոբուս կերթևեկի։ Ավտոբուսների շնորհանդեսն այսօր կայացել է Ռուսթավի քաղաքի կենտրոնում։
Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն շնորհանդեսին ասել է, որ 17 տեղանոց ավտոբուսները կշարժվեն, այսպես կոչված՝ Հին Ռուսթավի թաղամասից։ Թբիլիսիում վերջին կանգառը կլինի Սպորտի պալատի շրջակայքը։ Նոր տրանսպորտը կկարողանա երթևեկել նաև Թբիլիսիի «բասլայն»-ով:
Ավտոբուսի արտադրողը մրցույթում հաղթող ճանաչված թուրքական «Օթոքար» ընկերությունն է։ Այս ընկերության ավտոբուսները Ռուսթավիի ներքին երթուղիներով աշխատում են արդեն երկու տարի։ Այնուհետև Եվրամիության ֆինանսական աջակցությամբ հնարավոր եղավ գնել 40 ավտոբուս և կազմակերպել տրանսպորտային ենթակառուցվածքները։ Ըստ նոր պայմանագրի՝ թուրքական ընկերությունը պետք է ընդհանուր առմամբ 70 ավտոբուս արտադրի Ռուսթավիի համար, որոնք կգործեն Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ հինգ տարբեր երթուղիներով։ Ավտոբուսները ձեռք են բերվել ֆինանսների նախարարությունից վերցված 19 մլն 750 լարի վարկով։ Մնացած 45 ավտոբուսներին քաղաքապետարանը սպասում է հունվարին։
Ըստ վիճակագրության՝ Ռուսթավիից օրական 30 հազար մարդ է ժամանում Թբիլիսի։ Նրանց մեծ մասն օգտվում է հասարակական տրանսպորտից։ Թբիլիսիի հետ համաձայնությամբ հաստատվել են նոր երթուղիներ։ Ավելի քան մեկ տարի է, ինչ ավելի վաղ գնված նույն չափի 12 ավտոբուսներ Ռուսթավիի ելքից ուղևորներ են տեղափոխում Թբիլիսիի Իսանի կայարանի ուղղությամբ։