Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խոսել է նոյեմբերի 18-ին խորհրդարանի մուտքերի մոտից ցույցերը ցրելու վերաբերյալ:
«Անպատասխանատու քաղաքական գործիչների նման գործողությունների դեպքում պետությունն ու ոստիկանությունը կգործի լրիվությամբ օրենքի սահմաններում և կանի նույնը»,- հայտարարել է Գախարիան:
Վարչապետը բաև հավելել է, որ երկրում պաշտպանված է ազատ խոսքի իրավունքը, սակայն օրենքի սահմաններում: Նրա խոսքով նոյեմբերի 18-ին ոստիկանությունն ու կառավարությունն ընդունել են որոշում, որի լրիվ իրավունքը ունեցել են:
Հատկանշական է, որ այսօր «Ամոթ է» շարժման կազմակերպիչներից Նոդար Ռուխաձեն հայտարարել էր, որ շարունակելու են հետագայում այլ վարչական շենքերի արգելափակումը:
Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։
Նոյեմբերի 18-ին Ներքին գործերի նախարարությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց ցուցարարներին, որոնք փակել էին խորհրդարանի բոլոր մուտքերը: