Նինոծմինդա քաղաքի և մունիցիպալիտետի Մեծ Խանչալի, Կաթնատու և Օրոջոլար գյուղերի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են, տեղեկացնում է Վրաստանի ջրամատակարարման ընկերությունը, սակայն բնակիչները ահազանգում են՝ շինաշխատանքները բնականոն հունով չեն ընթանում, տեխնիկան երկար ժամանակ կանգնած է փողոցում, փակել է ճանապարհը։
«Ալիք Մեդիային» փոխանցած տեղեկության համաձայն՝ այնտեղ, որտեղ շինաշխատանքներ են ընթանում նախազգուշացնող նշաններ չկան:
Աշխատաքներն իրականացնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միացյալ ջրամատակարարման ընկերությունը։
Վրաստանի ջրամատակարարման ընկերության տեղեկության համաձայն՝ աշխատանքի ընթացքին ծանոթացել են ջրամատակարարման ընկերության տնօրեն Ալեքսանդր Թևդորաձեն, պատգամավոր Ակակի Մխվիդալձեն, նահանգապետ Բեսիկ Միրիանաշվիլին, տեղական ինքնակառավարման մարմինների և կապալառու ընկերության ներկայացուցիչներ։
«Ծրագրի շրջանակներում կվերականգնվեն նոր և գործող հիմնական ենթակառուցվածքներ, կանցկացվի Նինոծմինդա քաղաքի գլխավոր խողովակը, քլորատորները և երկու ջրամբար, ինչպես նաև Կաթնատու, Մեծ Խանչալի, Օրոջոլարի գյուղերը և Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ցանցի համար անհրաժեշտ բոլոր այլ ենթակառուցվածքներ: Այսօրվա դրությամբ աշխատանքների 10 տոկոսից ավելին արդեն ավարտված է։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի վերջը։
Շինարարական աշխատանքների ավարտից հետո Նինոծմինդայի և մունիցիպալիտետի կազմում ընդգրկված 3 գյուղերի ընդհանուր թվով 7400 շահառուներ կապահովվեն 24-ժամյա ջրամատակարարմամբ՝ ժամանակակից չափանիշներով։ Նախագծի համար պետբյուջեից կտրամադրվի 40 մլն լարի»,- ասվում է ընկերության տարածած տեղեկատվության մեջ։