Նինոծմինդա քաղաքում Վրաստանի արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կբացվի հանրային կենտրոն։
Կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականի դեկտեմբերի 10-ին: Նախագծի համաձայն՝ հենակետերի կառուցումը նախատեսված է ավարտին հասցնել 2020 թվականի հուլիսի 31-ին: Շինարարության համար կծախսվի 855 հազար 412 լարի:
Նինոծմինդայի քաղաքապետարանի դիմաց կառուցվող շինությունը կլինի ապակե, կունենա մեկ հարկ, կկատարի արդարադատության տան նույն գործառույթները:
Ինչպես հայտնում է «Նոր Ռադիոն» կենտրոնում տեղի բնակիչներին մեկ պատուհանի սկզբունքով հասանելի կդառնա ավելի քան 200 պետական և մասնավոր ծառայությունից օգտվելու հնարավորություն: Հաճախորդը կկարողանա ձեռք բերել անձնագիր/նույնականացման քարտ, գրանցել անշարժ գույք, կազմել կադաստրային պլան կամ արխիվային պահպանում:
Կենտրոնի ենթակառուցվածքները հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Շենքի ներսում կգործեն MagtiCom-ի և Liberty Bank-ի մասնաճյուղերը, վերջինս թոշակառուներին հնարավորություն կտա տեղում կենսաթոշակ ստանալ:
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ նմանատիպ կենտրոններ Վրաստանի մարզերում կառուցվում են 2012 թվականից: Ծրագրի նպատակն է ընդլայնել տեղի բնակիչների համար կոմունալ ծառայությունների հասանելիությունը: Ներկայումս երկրի տարածքում գործում է 75 հանրային կենտրոն՝ ժամանակակից չափանիշներով: Մինչև տարեվերջ բացվելու է ևս 10-ը: