«Ալիք Մեդիա»-ի տեղեկությամբ՝ Նինոծմինդա քաղաքում բացված թիվ 2 ընտրատեղամասում դիտորդները երկրորդ խախտումն են գրանցել։
Ըստ տեղեկության, ընտրության եկած քաղաքացուն հանձնաժողովի անդամը հարցրել է` գիտի՞, թե ինչպես նշում անել քվեաթերթիկի մեջ, և քաղաքացու բացասական պատասխանից հետո, փորձելով օգնել քաղաքացուն, հանձնաժողովի անդամը մատով ցույց է տվել «41» (իշխող կուսակցության) համարը և նշել, որ ներկի այդ շրջանակը։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։