
Հունիսի 1-ին, երբ Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում հանդիսավոր կերպով նշվեց Սուրբ Նինոյի Վրաստան մուտք գործելու 1700-ամյակը, միջոցառմանը ներկա էին վարչապետ Մամուկա Բախտաձեն, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին, կառավարության այլ անդամներ:
Ցկիտիշվիլիի հայտարարությամբ Նինոծմինդայում տուրիստական ենթակառուցվածքների կառուցման համար կծախսվի շուրջ 3 մլն 700 հազար լարի:
«Նինոծմինդայում նախատեսում ենք շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել, ինչը ենթադրում է Փարվանա լճի հարակից տարածքում՝ Փոկայի հայրերի մենաստանում, տուրիստական ենթակառուցվածքի՝ ավտոկայանատեղիի, այցելուների կենտրոնի, հուշանվերների խանութների կառուցում: Նմանատիպ ենթակառուցվածքների կառուցումից հետո այն արժեքավոր ու կարևոր վայր կդառնա ոչ միայն հավատացյալների, այլ նաև զբոսաշրջիկների համար»,- հայտարարել է Ցկիտիշվիլին:
Նրա խոսքով առաջիկա օրերին շինարարությունը սկսելու համար կհայտարարվի մրցույթ: