Վրացական մամուլում ու սոցցանցերում նախօրեին մեծ արձագանք է գտել Նինոծմինդայի էթնոգրաֆիկ նորաբաց թանգարանում մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի լուսանկարի ու պարգևների ցուցադրությունը:
Հենզել Մկոյանն ասել է, որ թանգարանում ցուցադրված են անվանի պրոֆեսորների, ակադեմիկոսների և գիտնականների լուսանկարները, որոնք ծնվել են Սաթխա գյուղում, իսկ իր լուսանկարի ցուցադրումը բացատրել է գյուղում ծնված պատգամավոր լինելու գործոնով: «Հարցրեցին՝ արդյոք կարելի է ցուցադրել իմ պարգևները, ես էլ համաձայնեցի»,- ասել է Մկոյանը:
Թանգարանը բացվել է օգոստոսի 24-ին: Ալբերտ Իսոյանի անվան թանգարանում ցուցադրված են առանձնակի նշանակության հին, ավանդական իրեր: Հենզել Մկոյանի խոսքով, Ասոյանի ընտանիքի ցանկությունն է թանգարանը խորհրդանշական՝ 1 լարիով փոխանցել մունիցիպալիտետին:
Հենզել Մկոյանը Վրաստանի 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է: 2016-ի ընտրություններին նա մասնակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով, իսկ մինչ այդ՝ 2008-2012 թվականներին պատգամավոր էր ընտրվում այդ տարիների կառավարող ուժի՝ «Միացյալ ազգային շարժման» կուսակցական ցուցակով:
Վերջին շրջանում Մկոյանի անունը մի շարք աղմկահարույց գործերում է շրջանառվում։ 2018-ի նախագահական ընտրությունների ժամանակ նրա անունը կապվեց «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության ընտրական շտաբի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ:
Բացի այդ, Մկոյանին մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանը մեղադրում է սեռական ոտնձգության մեջ: Մկոյանը, սակայն, հերքել է մեղադրանքը՝ նշելով, որ դա «Միացյալ ազգային շարժման» պատվերն է: