Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսել` Նինոծմինդայի մանկատան սաների` հնարավոր բռնությունների փաստով:
«Կապված հանրային մեծ հետաքրքրություն հետ` հայտնում ենք, որ տարբեր լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության հիման վրա սուրբ Նինոյի անվան պանսիոնատում որբերի նկատմամբ հնարավոր հանցագործությունների մասով սկսվել է քննություն` Վրաստանի ՔՕ-ի 126/1 հոդվածով: Տարվում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները: 2016-ից մինչ օրս նշված մանկատանը 4 քրեական գործ կա հարուցված: 2-ի դեպքում հիմք է դարձել Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, մյուս դեպքերում` թրաֆիքինգի զոհերի աջակցության գործակալության դիմումը: Նախարարությունը բոլոր գործերով նշանակել է անհրաժեշտ քննչական գործողությունները: Հարցաքննվել են վկաներ, տարվել են փորձաքննություններ ու այլ գործողությունները: Սակայն ներկայումս բավարար ապացույցները բացակայում են` հնարավոր հանցագործության համար: Չնայած դրան` ՆԳՆ-ն շարունակում է բոլոր միջոցառումները` մանրամասն ու անաչառ հետաքննության համար», — ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ էր արել կառավարությանը` արդյունավետ քայլեր ձեռնարկել` երեխաների իրավունքների պաշտպանության համար:
Հիշեցնենք` Նինոծմինդայի խնամքի հաստատության անվան հետ կապված սկանդալային հայտարարություններ են հայտնվել լրատվամիջոցներում, հաղորդվում է որբ կամ առանց խնամքի մնացած երեխաների նկատմամբ գիշերօթիկ հաստատությունում պարբերաբար կատարվող բռնությունների մասին: Նախկին սաները հարցազրույցներում հաստատում են, որ բռնությունը մանկատան պատերի ներսում սովորական է: Նրանցից մեկը հարցազրույց է տվել ու նշել, որ իրենց ծեծում էին փայտով, աթոռով, նրանք ամեն օր անմարդկային, նվաստացուցիչ պայմաններում էին, դաժանաբար պատժվում էին գիշերօթիկից բողոքողները: Տղան պատմել է, որ տասը տարի առաջ 7-ամյա տղա է մահացել` ծեծի հետևանքով, իսկ նրա մահվան փաստը ղեկավարությունը թաքցրել է:
Լրատվամիջոցների համար մանկատան դռները շարունակում են փակ մնալ: