Նինոծմինդայի քաղաքապետը որոշ նպաստառուների «անշնորհակալ» է անվանել

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը տեղական բյուջեից ֆինանսավորվող «Փարվանա» հանրային կազմակերպություն ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում մունիցիպալիտետի որոշ սոցիալապես անապահով քաղաքացիների (նպաստառուների) «անշնորհակալ» է անվանել:

2024 թվականի դեկտեմբերի 20-ին «Փարվանա» ՀԸ-ի YouTube-յան էջում «Ամանորյա անակնկալ՝ սոցիալապես անապահովների համար» վերտառությամբ տեսանյութը պատմում է քաղաքապետարանի կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին, թոշակառուներին նախատոնական նվերներ՝ մթերքի ձևով փաթեթներ հատկացնելու մասին:

Մոսոյանն ասում է, թե՝ «խղճի թելադրանքով, լավ իմանալով, թե որ սոցիալապես անապահովն ինչ վիճակում է, ճանաչելով բոլորին՝ ընդգրկել են խմբում (նկատի ունի տոնական փաթեթ ստացողների-խմբ.)»:

Քաղաքապետ Մոսոյանն ասում է (տեսանյութի՝ 2.02-3.07 րոպե). «Իհարկե, մենք նաև ունենք բենեֆիցիարներ, որոնք անշնորհակալ են մունիցիպալ և ինչու չէ՝ պետական ստացած միջոցներից, դա արդեն ուրիշ հարց է. կա՛մ քիչ են համարում, կա՛մ մտածում են, որ էլ ավելին է պետք, կա՛մ իրենց կարգավիճակի համար մեղադրում են մունիցիպալիտետին: Դա արդեն ուրիշ խավի քաղաքացիներ են։ Այդ մասին, իհարկե, չպետք է խոսենք, բայց եթե խոսում ենք սոցիալական փաթեթի մասին՝ ասենք, որ դա է: Եվ ընդգծե՝ ծրագիրը պետականորեն որոշված չէ: Այն որոշել ենք մենք՝ քաղաքապետարանի առաջարկով, քաղաքապետարանի ծրագիրն է, պետական չէ, որևէ մեկը մեզ չի պարտադրում․ դա էլ ասեմ մեր բնակիչներին, որովհետև հաճախ ենք լսում, թե «պետությունը որոշել էր, դրա համար էլ ինձ էլ բերեցին, տվեցին» խոսքերը…»:

Նինոծմինդայից բժիշկ, տեղական խնդիրները բարձրաձայնող Սոցկար Փութուլյանը Facebook-յան գրառմամբ անդրադարձել է Մոսոյանի հայտարարությանը՝ վերջինիս անվանելով «դեմագոգիայով զբաղվող «քաղաքապետ», որ «անելանելի վիճակում գտնվող քաղաքացիներին անշնորհակալ է համարում»:

«Տեղական բյուջեից 75 հազար լարի ստացած և մեզ թյուր ու մոլորեցնող տեղեկատվություն մատուցող «Փարվանա հանրային ռադիո-հեռուստատեսություն» ԲԲԸ-ի պարտքն է՝ «քաղաքապետ» Անի Մոսոյանից հարցազրույց վերցնել՝  հրապարակային ներողություն խնդրելու սոցիալապես անապահով այն քաղաքացիներից, ում անվանեց անշնորհակալ և դասեց այլ խավի, ինչևիցե…», — գրել է Փութուլյանը:

Սոցիալական աջակցության ծրագիրը` զենք ընտրարշավի շրջանում