
Նինոծմինդայի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում հաղորդվում է, որ կսահմանափակվեն մունիցիպալիտետի որոշ միջոցառումներ:
Մասնավորապես՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված կառավարության
որոշման համաձայն՝ մունիցիպալիտետներում կսահմանափակվի որոշ ծառայությունների գործունեությունը, չեն անցկացվի հանձնաժողովների և խորհրդի նիստերը, որտեղ մասնակցում են քաղաքացիները։
Քաղաքապետարանը կոչ է անում միայն անհետաձգելի դեպքերում դիմել քաղաքացիական ծառայությունների բյուրո, որոնք կշարունակեն աշխատել սահմանափակ ռեժիմով։
Միաժամանակ նշվում է, որ չեն դադարեցվի բնակչության համար սոցիալական և առողջապահական ծառայությունները։ Մշտական ռեժիմով կշարունակվեն նաև ենթակառուցվածքային աշխատանքներն ու այլ ծառայությունների մատուցումը։
Քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է պատասխանատվություն ցուցաբերել և առանձնապես ուշադրություն դարձնել առողջապահության բնագավառի մասնագետների խորհուրդներին: