Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն այլատյացություն է տարածում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց հետ առնչություն ունեցող ֆեյսբուքյան էջերը վերջին շրջանում ակտիվորեն այլատյացություն պարունակող հրապարակումներ են անում՝ դրանք կապելով «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույցերի մասնակիցների հետ, իսկ նպատակը՝ խաղաղ ցուցարարներին և օրենքին դեմ քաղհասարկությանը վարկաբեկելն է:

Մասնավորապես, այդպիսի մի գրառմամբ լուսանկար՝ Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցերի զուգահեռ, այսօր երկոյան հրապատակել էր Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդա քաղաքի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ով սակայն շուտով հեռացրել է հրապարակումը:

Մոսոյանի հրապարակած լուսանկարին գրված է. «Եթե ԼԳԲՏ ակտիվիստ ես, արի՛ Ռուսթավելի»:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ախալցիխե քաղաքում ևս «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել: Ֆեյսբուքյան «Պոլիտիկուրի սատիրա» («Քաղաքական սատիրա») էջը՝ օգտագործելով ցույցի մասնակիցների նկարները, հրապարակում է արել՝ նշելով, թե ցույցին մասնակից և աջակից է եղել Բեքա Մեսխին, ով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է:

Նշենք, որ Վրաստանը տարիներ շարունակ միջազգային բոլոր հարթակներում խոսել է մարդու իրավունքների պաշտպանության մասին: Սակայն, իշխող ուժը վերջրես գրանցել է հակաԼԳԲՏ օրինագիծը, որի ընդունմանը, ի դեպ, կողմ են նաև հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը:

Չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրության փոփոխությունների դեպքում ԼԳԲՏ անձանց իրավունքները զգալիորեն կսահմանափակվեն, օրինագիծը նախաձեռնած 83 պատգամավորները նշում են, որ «սահմանադրական օրենքի նախագիծը չի հակասում Եվրամիության օրենքին»։

Սահմանադրական փոփոխությունների հետ մեկտեղ, իշխող կուսակցությունը նախաձեռնել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչը արձագանքել է Վրաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը։ Ըստ Միատովիչի՝ Սահմանադրությունը փոխելու Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնությունը «նախընտրական մանիպուլյացիա է ԼԳԲՏ ֆոբիայով»: