Նինոծմինդայի երիտասարդ կամավորները կօգնեն սոցիալապես անապահովներին

«Նինոծմինդայի շրջանում կա 35-ից ավելի սոցիալապես անապահով ընտանիք։ Ուստի այդ վիճակը ամենևին էլ դատավճիռ չէ… պարզապես անհրաժեշտ է ճիշտ ժամանակին համապատասխան գումարի առկայությունը»,- Վրաստանի նորաստեղծ երիտասարդների կամավորական բարեգործական կազմակերպությունն այսպես է ներկայացնում Նինոծմինդայի շրջանի խնդիրներից մեկը, առաջարկելով լուծում՝ դրամահավաքի միջոցով օգնել ընտանիքներին, հատկապես երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

Խումբը ձևավորել են երիտասարդներ Բորիս Մզիկյանը, Իշխան Սարգսյանն ու Գարիկ Բդոյանը: Բորիսն Ալիք մեդիայի հետ զրույցում ասում է՝

«Կամավորական խմբի նպատակն է դրամահավաքի կամ սննդամթերքի միջոցով օգնել այն ընտանիքներին, ովքեր շատ դժվարությամբ են հաղթահարում այն ծանր ժամանակահատվածը, ինչ-որ կերպ թեթևացնել նրանց հոգսերը, տալով օգնություն՝ սննդամթերքի տեսքով»։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկ շաբաթ առաջ էջ են բացել՝ կոչ անելով օգտատերերին միանալ նախաձեռնությանը: Բորիսն ասում է՝ օգտատերերի արձագանքը դեռևս մեծ չէ, սակայն 300 լարի արդեն հավաքվել է: Հիմնականում օգնություն ցուցաբերում են դպրոցականներն ու ուսանողները, կամավորություն անել ցանկացողները շատ են ու նրանց թիվն օրեցօր աճում է: Այս պահի դրությամբ ակտիվիստները նախատեսում են օգնություն ցուցաբերել 10 սոցիալապես անապահով ընտանիքի, ասում են՝ եթե դա չի անում պետությունը, ապա կանենք մենք:

«Նինոծմինդայի քաղաքապետարանից կվերցնենք կարիքավոր ընտանիքների տվյալներն ու ըստ այդ տվյալների կաշխատենք օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ում կկարողանանք»,- ասում է Բորիս Մզիկյանը: Նա վստահ է՝ մեկ շաբաթ անց արդեն կսկսեն գաղափարն իրագործել:

Նախաձեռնությունը չի սահմանափակվելու կորոնավիրուսի տարածման ժամանակահատվածով, կամ վիրուսի վերացմամբ: Երիտասարդները ծրագրում են շարունակական բնույթ տալ նախաձեռնությանն ու շարունակել օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցողներին: