Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներն ահազանգում են՝ ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքները բնականոն հունով չեն ընթանում։
Նինոծմինդա քաղաքի և ողջ մունցիպալիտետի ջրամատակարարման խնդիրը երկար տարիներ է անհանգստացնում բնակիչներին, նրանք բազմիցս հարցը բարձրացրել են, սակայն ապարդյուն:
Այս պահի դրությամբ (2024 թվականից) նորոգման աշխատանքները ընթացքի մեջ են, սակայն ինչպես նշում է բնակիչներից մեկը (անունը չի ցանկանում հրապարակել)՝ «միջոցներն աննպատակ են վատնում»։
«Ալիք Մեդիայի» զրուցակիցն ասում է՝ թեև Նինոծմինդան բավական հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն տարվա ընթացքում հաճախ են բնակիչներն առանց ջուր մնում․ «Հավանաբար խնդիրը խողովակների սխալ դասավորության մեջ է․ բնակիչներից շատերը խմելու ջրով ոռոգում են իրենց դաշտերը, ոռոգման ջուր չկա, որոշ բնակիչներ ընդհանրապես մնում են առանց ջրի»։
Ջրի խնդրի լուծում ակնկալող բնակիչները տեղական ինքնակառավարման մարմիններին այս հարցով մի քանի դիմում են ներկայացրել։ Խնդրի լուծումը վերջապես պետք է լիներ ջրամատակարարման համակարգի վերականգնումը, որը սկսվեց այս տարի՝ 2024 թվականին, սակայն այդ աշխատանքներն էլ տեղացիները խնդրահարույց են համարում։
Նրանք նշում են, որ շինաշխատանքները խանգարում են, քանի որ երկար ժամանակ որոշ փողոցներ քանդված են, իսկ աշխատանքներն իրականացնող բեռնատար մեքենաները, որ կանգնած փողոցներում, խոչընդոտում են ազատ տեխաշարժին։
«Մեր սարերից ջրերը հոսում են գետ լցվում, իսկ այս տարբերակով կարծես բնակիչներիս վրա ջուր են վաճառելու», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Նինոծմինդայի մեկ այլ բնակիչ։
Աշխատանքների ընթացքի մասին տեղեկություն էր տրամադրել Վրաստանի ջրամատակարարման ընկերությունը՝ նշելով, որ աշխատանքների 10 տոկոսն արդեն ավարտին է հասցվել, որին սակայն Նինոծմինդայի մեր զրուցակից չի համաձայնվում։
«Ալիք Մեդիային» փոխանցած տեղեկության համաձայն՝ շինհրապարակում նախազգուշացնող նշաններ անգամ չկան, «ճանապարհների եզրերը քանդել են, փորել, սակայն կամրջակներ անգամ չեն անցկացվել, որպեսզի մարդիկ կարողանան անցնել, անգամ գիշերը որևէ նշան կամ լույս չի տեղադրվում», — նշում է բնակիչը։
Նախագծով նախատեսված է, որ բնակարաններին մոտեցված անհատական ջրագծերի փորված հատվածներում ջրաչափեր պետք է դնեն։ Նախագծով նախատեսված է դնել ջրաչափեր․ «Ջրաչափերը ջրի մեջ են։ Աշնան, ձմռան ամիսներին սառչելու է ամբողջը։ Մեր մոտ մինուս 35 էլ է գրանցվել։ Այդ իսկ պատճառով բնակիչները դժգոհում են ջրաչափեր տեղադրելու դեմ։ Այս կերպ չենք կարողանալու որևէ միջոցով ջուրը սառչելուց պաշտպանել։ Այստեղ անգամ գետնի տակ երկու մետր խորությամբ ջրագծերն են սառչում, դրա համար մի քիչ ծորակներից ջուր են թողնում, որ կաթի, չսառչի, իսկ ջրաչափեր տեղադրելու պարագայում հնար չի լինելու․․․», — ասում է բնակիչը։