Սեպտեմբերի 21-ին Նինոծմինդայում մեծ շուքով նշվեց քաղաքի հիմնադրման 196 ամյակը, որի առթիվ Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում կազմակերպվել էր մեծ տոնակատարություն։
Տոնակատարության առթիվ կազմակերպված էր դեկորատիվ, կիրառական և ժողովրդական արվեստի ցուցահանդես, կարատեի և քիքբոքսի վարպետության դասընթաց, երիտասարդ նկարիչների նկարների ցուցահանդես, երիտասարդ բանաստեղծների ամբիոն, խոհարարական մրցույթ, ինչպես նաև՝ տոնավաճառներ, որի ընթացքում բնակիչներն ու քաղաքապետարանի գյուղերի ներկայացուցիչներն իրենց արտադրանքը ներկայացրել էին կրպակներում՝ ցուցադրելով տեղական արհեստների, սննդի ու մշակութային իրեր։
Տոնակատարությանը ներկա էին Սամցխե-Ջավախքի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը և Սմբատ Կյուրեղյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը և այլ հյուրեր։
«Շնորհավոր տոնդ մեր ջերմաշունչ, հյուրընկալ, գեղեցիկ, բազմատաղանդ և շնորհաշատ մարդկանցով լեցուն Նինոծմինդա։ Նինոծմինդան այն քաղաքն է, որի հանդեպ սերը բոլորիս է միավորում և ուղղորդում, որպեսզի մտածենք նրա բարրօրության, զարգացման և կառուցման մասին, քանզի յուրաքանչյուր Նինոծմինդացու համար պիտի ստեղծենք լուսավոր միջավայր և ապրելու ավելի լավ պայմաններ։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք չշեղվելու նրա պատմությունից և առաջ շարժվելու դեպի ավելի լավ ապագա։ Բոլորս միասին պետք է հպարտանանք քաղաքի անցյալով, կերտենք ներկան և մտածենք նրա արժանի ապագայի մասին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր քաղաքի ամենակարևոր օրվա՝ Նինոծմինդաոբա 2024-ի առթիվ», — իր շնորհավորական ուղերձում նշեց քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։
Տոնակատարության առթիվ կազմակերպված էր նաև համերգային ծրագիր, որի ընթացքում երաժշտական և պարային համարներով հանդես եկան Նինոծմինդայի երիտասարդական կենտոնի և մշակույթի տան սաները, տեղական պարային համույթները և անհատ կատարողներ, ովքեր պարգևատրվեցին շնորհակալագրերով։
Տոնական օրը եզրափակվեց տոնական հրավառությամբ։