
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Թբիլիսիում, առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Նրանք կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Թբիլիսիում, Փաշինյանի և Ղարիբաշվիլիի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր