
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Վրաստանի վարչապետի պաշտոնին վերանշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում` ի շահ եղբայրական Վրաստանի:
Անցած մեկուկես տարվա ընթացքում մեր կառավարությունների և անձամբ մեր միջև ձևավորվել է արդյունավետ և փոխշահավետ համագործակցության մթնոլորտ՝ հիմնված մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա պատմական կապերի և մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա։
Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասվում է հայտարարության մեջ: