«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտարարելով, որ պատրաստվում է մի խումբ գործընկերների հետ նոր հեռուստաընկերություն հիմնել:
Գվարամիայի խոսքով նոր հեռուստաընկերությունը կլինի ամենալավը և գլխավորը: Նա նշել է նաև, որ մտածել է երկրից հեռանալու մասին, սակայն հետո փոխել է միտքը:
«Այժմ ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր սպասում էին իմ որոշմանը, երկրպագում են իմ գործին, նրանց, ովքեր կարծում են, որ հայրենասերներն ու արևմտամետները չպետք է լքեն այս երկիրը»,- գրում է Գվարամիան:
Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին հայտնի դարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականության որոշման վերաբերյալ Վրաստանի դատարաններում կոնվենցիայի հոդվածները չեն խախտվել, ուստի՝ Վրաստանում ընդդիմադիր համարվող «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սեփականության իրավունքն անցել է նախկին սեփականատիրոջը՝ Քիբար Խալվաշիին:
Հանրային ռեեստրը նորանշանակ սեփականատեր Քիբար Խալվաշիի պահանջով «Ռուսթավի 2»-ի տնօրեն Նիկա Գվարամիայի փոխարեն նշանակեց Պաատա Սալիային՝ Խալվաշիի փաստաբանին: Այս նշանակումից հետո ակնկալվում է, որ Վրաստանի թիվ մեկ ընդդիմադիր հեռուստաընկերությունը հնարավոր է փոխի խմբագրային քաղաքականությունը: