Վրաստանի ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) այսօր՝ նոյեմբերի 24-ի երեկոյան նախատեսվող բողոքի ցույցի մասնակիցներին նախազգուշացնում է քրեական պատասխանատվության մասին, որը կսպառնա նրանց, եթե խոչընդոտեն նոյեմբերի 25-ին կայանալիք 11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանի առաջին նիստը։
Քաղաքացիական հասարակությունն ու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՆԳՆ-ի հայտարարությունը համեմատում են ավտորիտար ռեժիմների գործելաոճին:
ՆԳՆ-ն պնդում է՝ «ռազմավարական կամ առանձնապես կարևոր օբյեկտի արգելափակումն ուղղակիորեն արգելված է օրենքով, ինչը պատժելի արարք է Վրաստանի Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն»։
«Այս հանցագործությունը կատարած անձի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, իսկ եթե արարքը կատարվել է խմբով, ապա խմբի անդամները կկալանավորվեն մինչև 4 տարի ժամկետով», — նշված է նոյեմբերի 24-ի ժամը 12:00-ի դրությամբ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ժամը 21:00-ին Ռուսթավելի պողոտայում նախատեսվում է ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած բողոքի ցույցը: Նրանք նախատեսում են գիշերել օրենսդիր մարմնի մոտ, որտեղ չլեգտիմիացված նոր գումարման խորհրդարան պատգամավորները նախատեսում են առաջին նիստն անցկացնել նոյեմբերի 25-ին։
«Հանրահավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին զգուշացնում ենք դուրս չգալ օրենքով սահմանված հավաքի/ցույցերի շրջանակներից և զերծ մնալ անօրինական գործողություններից։ Հակառակ դեպքում ոստիկանությունը կձեռնարկի բոլոր օրինական միջոցները՝ ապօրինությունները կանխելու համար», — նշել է ՆԳՆ-ն:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր անձնական ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՆԳՆ-ի հայտարարությանը: Ըստ նախագահի՝ ՆԳՆ-ի հայտարարությունը ռուսական ոճի կառավարման ևս մեկ ապացույց է:
«Միանգամից ասեին՝ բոլորիդ կձերբակալենք… Սա ևս մեկ այլ հիմնական սահմանադրական սկզբունքի՝ ցույցի և հավաքների իրավունքի խախտում է: Ի՞նչ կապ ունի՝ օրենքով, թե՞ հրամանագրով են սահմանափակում այս իրավունքը: Սպառնալիքները ոչ մեկի մեջ չի տեղավորվում», — գրել է Զուրաբիշվիլին:
Ըստ քաղհասարակության՝ Վրաստանում գործող կառավարման և ռուս-ադրբեջանական կառավարման մոդելի մեջ մեկ տարբերություն կա. այն է՝ Վրաստանի կառավարությունը նախնապես է ծանուցում բռնի գործողությունների մասին: