Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), որի ենթակայության տակ են գտնվում երկրի ոստիկանական ուժերը, զգուշացնում է խորհրդարանի մոտ ընդդեմ «ռուսական օրենքի» ցույցի մասնակիցներին: ՆԳՆ-ն կոչ է անում հանրահավաքի մասնակիցներին «ազատել խորհրդարանի շենքի մուտքի և ելքի տարածքները»։
Ոստիկանությունը պետք է ճանապարհն ազատի պատգամավորների համար՝ մեքենայով օրենսդիր մարմնի շենքից դուրս գալու համար:
«Տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ՝ խորհրդարանի շենքից պատգամավորների և խորհրդարանի աշխատակազմի անվտանգ տեղաշարժն ապահովելու և իրադարձությունների արհեստական սրացումից խուսափելու համար, նույնպես օրենսդիր մարմնի մուտքերի մոտ են և հավաքվածներին կոչ են անում ազատել մուտքն ու խորհրդարանի շենքի ելքային տարածքները»,- նշված է ՆԳՆ հայտարարության մեջ։
Վրաստանի խորհրդարանի մոտ «գործակալների մասին» օրինագծի դեմ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» բողոքի ցույցի մասնակիցները, բոլոր կողմերից շրջապատելով շենքը, փորձում են շղթա կազմել` թույլ չտալու համար խորհրդարանականներին լքել շենքը։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։
Խաղաղ ցուցարարներն իշխող ուժին անվանում են «ռուսներ» և «ստրուկներ»։ Նրանք նստացույց են սկսել։ Խորհրդարանի մոտ մոբիլիզացվել են ջրցան մեքենա և հատուկջոկատայիններ։
Ի դեպ, խորհրդարանում օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն այսօր չի կայանա, լսումները կշարունակվեն վաղը՝ մայիսի 1-ին։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։ Խորհրդարանի իրավական հանձնաժողովն ապրիլի 29-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը։