Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է տարածել և նշել, որ ձեռնարկելու է համապատասխան բոլոր միջոցները՝ ապահովելու Tbilisi Pride-ի կողմից ծրագրված փակ միջոցառումների անվտանգությունը։
ՆԳՆ նշում է, որ պետք է պահպանեն օրենքն ու կարգը և պաշտպանեն յուրաքանչյուր անձի խոսքի և հավաքների ազատությունը:
Ըստ ՆԳՆ-ի՝ նախարարությունը մշտական կապի մեջ է կազմակերպիչների հետ։
ՆԳՆ փոխանցմամբ՝ վերջերս մի շարք աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել նախարարության, ՄԱԿ-ի, Tbilisi Pride-ի, տեղական և միջազգային կազմակերպությունների, Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Վրաստանի ՆԳՆ-ն դատապարտում է ցանկացած տեսակի բռնություն և կոչ է անում «Հպարտության շաբաթ»-ին ընդդիմացող խմբերին պահպանել օրենքը, ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և ցույցերի իրավունքի շրջանակներից։
Հակառակ դեպքում ոստիկանությունը գործելու է իր լիազորությունների շրջանակում, խախտման յուրաքանչյուր դեպք կկանխվի, և կհետևի խիստ իրավական պատասխան»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Վրաստանի Մեդիա շահերի պաշտպանության կոալիցիան ևս հայտարարություն է տարածել հունիսի 28-ից հուլիսի 2-ը Tbilisi Pride-ի կողմից կազմակերպվող «Հպարտության շաբաթվա» վերաբերյալ։
Ըստ կոալիցիայի՝ 2021 թվականի ծանր փորձառությունների լույսի ներքո փոքրամասնությունները հրաժարվել են «Արժանապատվության երթ» անցկացնելուց։
Կոալիցիան կոչ է արել ՆԳՆ-ին խուսափել 2021 թվականին թույլ տված սխալներից, ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ ապահովելու Tbilisi Pride-ի ակտիվիստների անվտանգությունը, պաշտպանելու լրատվամիջոցների ներկայացուցիչներին լրագրողական գործունեությանն անօրինական միջամտությունից և արագ ու պատշաճ կերպով արձագանքել բռնություններին։
«Բոլորը գիտեն, որ հպարտության ցույցերը ԼԳԲՏ համայնքի խոսքի ազատության և խաղաղ հավաքների հնարավորություն են, երբ համայնքը բարձրաձայնում է իր կարիքները, ընդգծում իր ձեռքբերումները։
Համայնքի անդամներին և նրանց աջակիցներին հնարավորություն է տրվում դուրս գալ փողոց՝ հասնելու հավասարության։
Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու ճանաչումը ընդհանուր պատասխանատվություն է: Խտրականության և բռնության դադարեցումը պետության հատուկ պարտավորությունն է»,- ասված է կոալիցիայի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ շաբաթը բաղկացած է երեք հիմնական իրադարձություններից. վրացական քվիր նոր ֆիլմի ցուցադրություն, տարածաշրջանային կոնֆերանս, ԼԳԲՏ ակտիվիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և Բելառուսից, Pride Festival՝ տեղական և միջազգային արտիստների մասնակցությամբ։