2019 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Վրաստանի ողջ մասշտաբով շրջված և քանդված մեքենաներ էին տեղադրվել: Սկզբում անհայտ էր հիշյալ մեքենաների տեղադրման նպատակը, ինչպես նաև քարոզարշավի հեղինակի անձը: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարում էր, որ որևէ տեղեկատվության չի տիրապետում, նույն պատասխանը տալիս էր նաև Թբիլիսիի քաղաքապետարանը:
Ամիսներ անց միայն պարզ դարձավ, որ գաղափարը Վրաստանի Ներքին գործերի նախարարությանն է, շրջված մեքենաները գերատեսչության ճանապարհային անվտանգությանը նվիրված սոցիալական քարոզարշավի մասն էին կազմում:
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը դիմել է ՆԳՆ-ին՝ որքա՞ն է արժեցել յուրօրինակ այդ ակցիայի անցկացումը: Ըստ ՆԳՆ-ի, ընդհանուր առմամբ, ծախսվել է ավելի քան կես մլն լարի:
Վրաստանի մասշտաբով վնասած մեքենաների տեղափոխումը 34 696 լարի է կազմել, տեղադրումն ու ապամոնտաժումը՝ 4 846 լարի:
Ակցիայի մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով կիրառվել են բոլոր հարթակները՝ սոցիալական կայքերը, արտաքին գովազդ, ինչպես նաև ռադիո և հեռուստահաղորդումները: Քարոզարշավի համար ստեղծվել է հատուկ կայք: Սոցիալական ցանցերում գովազդի գինն ընդհանուր առմամբ կազմել է 25 532 լարի: Եւս 25 000 լարի կազմել է այսպես կոչված ինֆլուենսերների (ազդեցիկ մարդկանց կողմից իրականացվող գովազդ) ներգրավվածությունը: Արտաքին գովազդը կազմել է 100 000 լարի, հեռուստահաղորդումները՝ 200 000, ռադիո գովազդը՝ ավելի քան 40 000 լարի:
Հիշեցնենք՝ Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, Վրաստանում տարեկան ավելի քան 30 000 ավտոճանապարհային պատահար է տեղի ունենում: Դրանցից մոտ 6 000-ի դեպքում անձինք քրեական պատասխանատվություն են կրում: Միայն 2019-ին 589 ՃՏՊ է գրանցվել, մահացել է 481 մարդ, վիրավորվել՝ 7921-ը: Մահացածների թիվը 2019-ին 5 տոկոսով աճել է, իսկ ՃՏՊ-ների քանակը՝ 9,5 տոկոսով: