
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) մարմնին ամրակցվող 350 տեսախցիկ և տեսախցիկի մշտական լիցենզիա ձեռք կբերի, որի համար հատկացվել է 849 հազար 500 լարի։ Գնումների կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ «մարմնի տեսախցիկների ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է վնասված տեսախցիկների փոխարինմամբ»։
Պարզվում է` գործակալությունն օգտագործում է AXON ընկերության արտադրության BODY 2 մոդելի մարմնին ամրակցվող տեսախցիկներ։ AXON-ի դիստրիբյուտորը Վրաստանում NGT Group LLC-ն է:
ՆԳՆ-ն նախատեսում է ձեռք բերել նաև ֆլեշ հիշողության քարտեր՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու նպատակով։ Արժեքը 3210 լարի է։ Նշված է, որ գերատեչությունը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել, սակայն, քանի դեռ այդ մրցույթի արդյունքները հայտնի չեն, ՆԳՆ-ն գրել է, որ անհրաժեշտ է հիշողության քարտեր ձեռք բերել հնարավորինս շուտ՝ առանց մրցույթի։
ՆԳՆ-ն եվրոպամետ բողոքի ցույցերի շրջանակներում, որոնք արդեն 107-րդ օր շարունակվում են, վարչական վարույթ է հարուցել հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ, որոնց մեծ մասին նշանակվել է 10 անգամ ավելացված վարչական տուգանք (ճանապարհն արհեստական փակելու համար տուգանքը 500-ից հասցվել է 5000 լարիի)։
Դատարանում մեղադրող կողմը հիմնականում ներկայացնում է ոստիկանի վկաների ցուցմունքները կամ տեսախցիկի ձայնագրությունները նրանց դեմ։ Վարչական գործերի մեծ մասում, որտեղ միակ ապացույցը ոստիկանի ցուցմունքն է և նրա կազմած արձանագրությունը, ՆԳՆ-ն չի ներկայացնում անվտանգության տեսախցիկի ձայնագրությունները։ Նման դեպքերում պարեկային տեսուչներն ասում են, որ իրենց տեսախցիկը կա՛մ լիցքաթափված է, կա՛մ վնասվել է, կա՛մ իրենք են հանել, որ չվնասեն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությամբ ՆԳՆ-ին տրվել է քաղաքացիներին տուգանելու իրավունք՝ «հավաքների և ցույցերի կանոնները խախտելու համար»։ Այս գործերը ենթակա չեն դատական քննության, քանի դեռ քաղաքացին չի բողոքարկել տուգանքը։