Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) արձագանքում է մայիսի 1-ին «գործակալների մասին օրենքի» դեմ նախատեսված հերթական ցույցի՝ մասնակիցներին զգուշացնելով չփակել մայրուղիները, նստացույց չանել խորհրդարանի տարածքում։ Միաժամանակ, ժամը 19:30-ի սահմաններում ոստիկանները մոբիլիզացվել են խորհրդարանի հետնամուտքի մոտ։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։
«Քաղաքական կուսակցությունների ղեկավարներին, հանրահավաքի կազմակերպիչներին և յուրաքանչյուր մասնակցի կոչ ենք անում իրենց բողոքն արտահայտել օրենքի սահմաններում՝ թույլ չտալով, որ կաթվածահար լինեն ճանապարհները»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նաև նշում է, որ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքի 11-րդ և 11-րդ պրիմա hոդվածների համաձայն՝ արգելվում է տրանսպորտի երթևեկության համար սահմանված ճանապարհի արհեստական արգելափակումը և տրանսպորտի տեղաշարժի համար դիտավորյալ խոչընդոտներ ստեղծելը։
Ըստ ՆԳՆ-ի՝ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ «ցուցարարները կրկին պատրաստվում են նստացույց անել օրենսդիր մարմնի շենքի մուտքերի և ելքերի մոտ», այդ իսկ պատճառով «յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը պաշտպանելու համար խորհրդարանի շենքի մուտքերի ու ելքերի մոտ ոստիկաններ կլինեն».
«Ակցիայի մասնակիցները հնարավորություն կունենան բողոքի ակցիա անցկացնել Ռուսթավելիի պողոտայում՝ օրենսդիր մարմնի առջևի և հետնամուտքերի մոտ։ Հանրահավաքի մասնակիցներին կոչ ենք անում չկատարել օրենքին հակասող գործողություններ և չհնչեցնել կոչեր, որոնք կարող են դառնալ բռնի գործողությունների նախապայման»:
Ի դեպ, ցույցը ցրելու համար խորհրդարանի մոտ կրկին հատուկաջոկտայիններ և տեխնիկա է մոբիլիզացվել, այդ թվում՝ Վրաստանի տարբեր շրջաններից:
Վրաստանի խորհրդարանն այսօր՝ մայիսի 1-ին, շարունակում է «գործակալների մասին» օրենքի երկրորդ ընթերցումը, որից հետո, հավանաբար՝ կսկսվի քվեարկությունը: Այս պահի դրությամբ խորհրդարանի և կառավարության շենքի հարակից տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ են մոբիլիզացված:
Նշենք նաև, որ խորհրդարանի ետնամասում այսօր՝ մայիսի 1-ի ժամը 17:00-ից ընդդեմ մեկնարկել է բողոքի հերթական ցույցը՝ ընդդեմ «գործակալների օրենքի»։
Երեկ երեկոյան ոստիկանությունը բռնի կերպով ցրել է ակցիան՝ կիրառելով ջրցան մեքենաներ, «պղպեղի սփրեյ», արցունքաբեր գազ։ Ոստիկանները բռնության են ենթարկել քաղաքացիներին: Ներքին գործերի նախարարության տվյալներով 63 խաղաղ ցուցարար է բերման ենթարկվել: Առողջապահության նախարարության տվյալներով ցույցերից ապրիլի 30-ին և մայիսի 1-ին տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 11 տուժածներ։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին: