ՆԳՆ-ն հրաժարվել է ադրբեջանցի լրագրողին ապաստան տրամադրել

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն վարչությունը հրաժարվել է միջազգային ապաստան տրամադրել Վրաստանում արտահանձնման կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովին:

Սադիգովի շահերը պաշտպանող Rights Georgia հասարակական կազմակերպության իրավաբան Դիմիտրի Նոզաձեն ասել է, որ միգրացիոն դեպարտամենտի պատասխանը պաշտոնապես ներկայացնելուց հետո իրենք կդիմեն դատարան։ Փաստաբանի խոսքով՝ Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելու հարց դեռ օրակարգում չկա։

Հիշեցնենք. Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորը արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։ Նա կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման։

Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար:

Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակել է կեղծիք և ասել, որ Ադրբեջանին արտահանձնելու դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովի հետ։

Մինչ ձերբակալությունը Սադիգովը հուլիսի 18-ին Թբիլիսիից այլ երկիր թռչելու հնարավորություն չի ստացել։ Օդանավակայանում նրան ասել են, որ կկարողանա լքել Վրաստանը միայն այն դեպքում, եթե մեկնի Բաքու։