Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու կադրերը: Տեսանյութում Սաակաշվիլին ձեռնաշղթաներով է, ոստիկանների ուղեկցությամբ, ժպտում է:
Հիշեցնենք` այսօր ամբողջ օրվա ընթացքում լայնորեն քննարկվել է Սաակաշվիլիի` Վրաստանում լինել-չլինելու հարցը: Վաղ առավոտյան նա գրել էր, թե Բաթումիում է, ՆԳՆ-ն և իշխանությունը հերքել էին` ասելով, թե նա Վրաստանի պետական սահմանը չի հատել, հատելու դեպքում կձերբակալվի:
Նախօրեին Սաակաշվիլին Թբիլիսի տոմսի լուսանկարն էր հրապարակել` հոկտեմբերի 2-ի համար:
Նա քիչ առաջ ֆեյսբուքյան էջում ձայնային ուղերձ է հրապարակել, որում ասում է, որ իրեն հնարավոր է ձերբակալեն: Համակիրներին կոչ է անում վաղը փողոց դուրս գալ` պայքարի:
Նախկին նախագահ, ներկայիս ամենամեծ ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Սաակաշվիլին Վրաստանում որպես մեղադրյալ անցնում է մի քանի քրեական գործերով:
Տեսանյութը` ՆԳՆ-ի էջից