Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) խուզարկում և բերման է ենթարկում մետրոյի Ազատության հրապարակ և Ռուսթավելի կայարաններից դուրս եկող քաղաքացիներին, ովքեր, ըստ ՆԳՆ-ի, գնում են մասնակցելու ցույցին։
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ի դիմակավորված աշխատակիցները ուժի կիրառմամբ ստուգում են քաղաքացիների անձնական իրերը:
Վրաստանյան «Ֆորմուլանյուզ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ րոպեներ առաջ Ազատության հրապարակի մետրոյի մոտ իրարանցում է եղել. քաղաքացիները բողոքել են բերման ենթարկելու դեմ:
Ուշագրավ է նաև, որ ՆԳՆ-ն դեկտեմբերի 4-ին խուզարկություններ է կատարել վրաստանյան մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական ակտիվիստների բնակարաններում:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս իրադարձությունները «ռեպրեսիա» է անվանում: Քաղհասարակության գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ը այլևս ի վիճակի չէ փողոցային բողոքի ցույցերի հետ առնչվել, հիմա սկսել է խուճապ ու վախ սերմանել, այդ իսկ պատճառով էլ ռեպրեսիաներ է սկսել: