Ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը ներկայացրել է վերջին 9 ամիսների հաշվետվությունը։
Եվրամիության և ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ֆինանսական աջակցությամբ անցկացված շնորհանդեսը բացել է Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
«Վերջին 9 ամիսներին նախարարության համապատասխան բաժինների հետ համագործակցությամբ կարևոր քայլեր են արվել ընտանեկան բռնության, խտրականության հիմքով իրականացված հանցագործությունների, թրաֆիքինգի և այլ հանցագործությունների հետաքննության մակարդակի բարձրացման ուղղությամբ»,-ասված է հաշվետվությունում։
Նշվում է, որ 2018-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած բռնության ռիսկի գնահատման գործիքը հնարավորություն է տալիս ավելի վաղ կանխել կրկնվող բռնությունը։ Այս ուղղությամբ ոստիկանության 10 հազար աշխատակից հատուկ դասընթացի է մասնակցել:
Աճել է քրեական գործերի թիվը։ 2017-ին հետաքննություն է սկսվել 2 հազար 828 գործով, 2018-ի 9 ամիսների տվյալներով՝ 4 հազար 339 գործով: 2017-ին քրեական հետապնդում է հարուցվել 1986, իսկ 2018-ի 9 ամիսներին՝ 3000 անձի նկատմամբ:
Բացի այդ, աճել է խտրականության և ատելության հիմքով բացահայտված գործերի թիվը: