
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) տարիներ շարունակ սննդի ծառայություններ է ձեռք բերում պարզեցված գնումների միջոցով, և որպես դրա պատճառ է նշում այն, որ ՆԳՆ-ի հայտարարած էլեկտրոնային մրցույթները հաճախ ավարտվում են բացասական արդյունքներով։
ՆԳՆ-ի գնումները վերանայել է «Փլանգվիս դետեկտորի» մեդիա նախագիծը, որը զբաղվում է պետական միջոցների յուրացման և հնարավոր կոռուպցիայի դեպքերի բացահայտմամբ:
Ըստ «Փլանգվիս դետեկտորի»-ի՝ 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի փետրվարը ՆԳՆ-ն հայտարարել է ընդհանուր առմամբ 14 էլեկտրոնային մրցույթ՝ ճաշարանների և հանրային սննդի ծառայությունների գնման համար. մրցույթների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմել է 5 մլն 904 հազար 552 լարի, որից ամենամեծ գումարը՝ 3 մլն 617 հազար 860 լարի, վճարվել է «Տանդեմ» ՍՊԸ-ին՝ 2025-2026 թվականների սննդի ծառայությունների մատուցման համար։
Հատկանշական է, որ ՆԳՆ-ի կողմից 2024 թվականին սննդի ծառայությունների գնման 13 մրցույթներից 5-ը ձախողվել է. ավելի կոնկրետ՝ դրանցից երկուսն ընդհանրապես չեն կայացել, մեկը չեղարկվել է, երկուսն էլ ավարտվել են բացասական արդյունքներով, ինչը հանգեցրել է ընկերությունների որակազրկմանը։
«Ձախողված էլեկտրոնային մրցույթներին զուգահեռ, ՆԳՆ-ն ակտիվորեն դիմում է գնումների գործակալությանը, որպեսզի համաձայնություն ստանա նույն ծառայությունների պարզեցված գնումներ իրականացնելու համար», — գրել է «Փլանգվիս դետեկտորի»-ն:
Նրանց դիտարկմամբ՝ պարզեցված գնումների միջոցով հաճախ պայմանագրեր են կնքվում կառավարությանը մոտ կանգնած անհատների հետ, ինչը մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը։ Վերջին մեկ տարում ՆԳՆ-ն պարզեցված գնումների թույլտվություն է խնդրել 24 անգամ, որոնց արժեքը գերազանցում է 2 մլն լարին.
«Ելնելով Վրաստանում առկա պրակտիկայից՝ կարելի է ասել, որ պարզեցված գնումների միջոցով պայմանագրերի կնքումը հաճախ դուրս է գալիս ֆորսմաժորային իրավիճակներից, և մենք գործ ունենք կոռուպցիոն դեպքերի հետ։ Հաճախակի են նաև դեպքերը, երբ պարզեցված գնումների միջոցով պայմանագրեր են կնքվում կառավարությանը մոտ կանգնած անհատների հետ, ինչն իր հերթին մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը»: