Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Նիկա Մելիային կալանավորելու հետ կապված: Մասնավորապես, հայտարարությունում ասվում է, որ Սահմանադրության համաձայն՝ դատարանի որոշման իրականացումը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար և դա չկատարելն ու կատարելուն խանգարելը պատժվում է օրենքով:
«Կուսակցության ներկայացուցիչներին և նրանց աջակիցներին կոչ ենք անում իրենց բողոքն արտահայտել խաղաղ ճանապարհով, զերծ մնալ բռնի գործողություններից և չխոչընդոտել ոստիկանության ներկայացուցիչներին՝ դատարանի որոշումը կատարելիս:
Բռնության ցանկացած փորձ անմիջապես կասեցվելու է ոստիկանության կողմից, և ցանկացած անձ, որը խախտում է հասարակական կարգը, պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ» -ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Նիկա Մելիայի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումից հետո, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակում են գիշերել կուսակցության անդամներ, տասնյակ աջակիցներ և թույլ չեն տալիս ձերբակալել կուսակցության նախագահին: