ՆԳՆ աշխատակցին մահացած են գտել Թբիլիսյան ծովի մոտ

Վրաստանի ՆԳՆ ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալին Թբիլիսիի ծայրամասում հայտնաբերել են սեփական մեքենայում հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաալիքը։

Մահացածը 28-ամյա Լևան Սուլաշվիլին է։ Շրջանառվում է ինքնասպանության վարկածը, ինչը երիտասարդի ծնողները բացառում են։

Սուլաշվիլիի մայրը նշել է, որ տեղի ունեցածը կարող է կապ ունենալ որդու՝ ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ ունեցած կոնֆլիկտի հետ։

Հայրն ասել է, որ Լևանի մեքենան հայտնաբերվել է Թբիլիսյան ծովի մոտ։ Ընտանիքը կասկածելի է համարում, որ դիակը մահից մի քանի ժամ անց հայտնաբերվել է նման անհասանելի վայրում։

Հատուկ քննչական ծառայությունը միջադեպը հետաքննում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանություն։