Նախարար, որը բազմիցս թեթևացրել է ճգնաժամային իրավիճակն իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության օգտին, այժմ անձամբ է հայտնվել ճգնաժամային իրավիճակում: Ճգնաժամներ հաղթահարող նախարարը, հենց այսպիսի տպավորություն է ձևավորված Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի անվան շուրջ, կարծես այս երկրում Գախարիայից բացի որևէ մեկը չկա, ով հարկ եղած դեպքում պատասխանատվություն կվերցնի իր վրա:
«Սուպերնախարարը», որը միաժամանակ և՛ Վրաստանի փոխվարչապետն է, և՛ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, փակ շրջանում է հայտնվել:
Նրա հրաժարականը հունիսի 21-ից ի վեր բողոքի ակցիաների հիմնական պահանջներից մեկն է: «Անխուսափելի է. Գիորգի Գախարիան պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի ցուցարարների՝ նման կերպ ցրելու համար»,-այսպես հաստատակամ են ցուցարարները:
Ի՞նչ տեղի ունեցավ հայտնի գիշերը
Փողոց դուրս եկած ցուցարարներին հունիսի 20-ի ՝ լույս 21-ի գիշերը, իրավապահները ցրեցին՝ բիրտ ուժ կիրառելով։ Փորձագիտական խմբերը նշում են․
- Իրավապահները չեն զգուշացրել ցուցարարներին, որ պատրաստվում են ցրել հանրահավաքը հատուկ գործողության եւ միջոցներով
- Օգտագործվել են ռետինե փամփուշտներ, որոնք նաև մահվան պատճառ կարող են դառնալ
- Ցուցահարներին կրակել են թիրախավորված` շատերը վնասվածք են ստացել հենց գլխի շրջանում
- Ցրելուց հետո փախուստի դիմած ցուցարարներին իրավապահները փողոց առ փողոց հետապնդել են
- 240 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` 80 իրավապահ
- Երկու մարդ դեռեւս գտնվում է ծանր վիճակում
- Երկու մարդ աչք կորցրեց, այդ թվում 18-ամյա Մակո Գոմուրին
- Վիրավորվեց առնվազն 34 լրագրող
Գախարիան «Վրացական երազանք»-ի ողնաշար
Ս.թ. մայիսի 1-ին ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Գիորգի Գախարիան դարձավ նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Չնայած այն բանին, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կարող էր դառնալ
- Վրաստանի պաշտպանության նախարարը
- Վրաստանի ներքին գործերի նախարարը
- Վրաստանի արտաքին գործերի նախարարը
- Վրաստանի ֆինանսների նախարարը
- Վրաստանի անվտանգության ծառայության պետը
- Վրաստանի հետախուզության ծառայության ղեկավարը
- Վրաստանի զինված ուժերի ղեկավարը
Ատլանտյան խորհրդի գործադիր տնօրեն Գիորգի Մուչաիձեի խոսքերով՝ «Գիորգի Գախարիային դարձրել են իշխանության ողնաշարը»: Վերլուծաբանի համար հիմնական խնդիրը ոչ թե մեկ ազգանունի հետ կապելն է ամեն բան, այլ իշխանությունը մեկ մարդու ձեռքերում կերնտրոնացնելը:
Ընդդիմությունը գտնում է, որ նման սկզբունքը սխալ է և վտանգավոր, երբ անվտանգության հարցերի համակարգող գլխավոր խորհրդի քարտուղարը նույն վարչության անդամ է և իրավապահ մարմնի առաջին դեմքը:
Կրթությունն ու գործունեությունը
44-ամյա Գիորգի Գախարիան Վրաստանի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ից:
Գախարիան սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որից հետո՝ մինչև 2000 թվականը սովորել է Մոսկվայում, Լոմոնոսովի անվան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում: Մնալով Մոսկվայում, ուսումը շարունակել է նույն համալսարանում, սակայն արդեն բիզնեսի ուղղությամբ՝ բիզնեսի կառավարման մագիստրոս է:
Ուսումն ավարտելուց հետո արդեն 2004 թվականի մայիս — 2008 թվականի նոյեմբերին աշխատել է որպես SFK Group-ի գլխավոր տնօրեն, 2008 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի փետրվարը եղել է Lufthansa Service Holding AG. LSG, Frankfurt am Main, Germany GR բիզնես զարգացման տնօրեն Արևելյան Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում:
Գիորգի Գախարիան 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի մայիսը եղել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կիրառական կենսատեխնոլոգիայի հրավիրյալ դասախոս:
2013 թվականի մարտից մինչև 2016-ի հուլիս եղել է Վրաստանի բիզնես Օմբուդսմանը: 2014 -2016 թթ. եղել է տնտեսական խորհրդի քարտուղար, իսկ 2016 թվականից՝ մինչև ՆԳ նախարար դառնալը, եղել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար:
Մոսկվայում ստացած կրթությունը և Ռուսաստանում անցկացրած այդ տարիներն են, որ թույլ են տալիս խոսել Գախարիայի ռուսական կապերի մասին:
2005-2016 թվականներին Գախարիան 6 ռուսական ընկերության բաժնետեր է եղել, որն էլ հետագայում վաճառել է (կամ անվանափոխել): Գրում է վրացական iFact հետաքննական լրագրության գործակալությունը: Ըստ նույն աղբյուրի, դեռևս 2018 թվականին Գախարիան եղել է «Ֆուդ օտել» ռուսական ընկերության 40 տոկոսի բաժնետեր, որից ընդամենը 3 ամիս առաջ է հրաժարվել:
«Զաուրիչ», — այսպես են անվանում Գախարիային՝ ասելով, որ այս մարդուն «մենք մեր գրպանից ամսական 5,054 լարի աշխատավարձ ենք տալիս և ի՞նչ է անում նա մեզ համար»: Հենց Գախարիան է մեղադրվում երկրում ընթացող շատ բացասական երեւույթների մեջ, սկսած դեռևս Պանկիսիի կիրճում ՀԷԿ-ի կառուցման շուրջ ծավալված խնդիրներից, Մաչալիկաշվիլիի և Սարալիձեի սպանություններից:
Նշենք նաև` նախորդ տարի «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել՝ ձերբակալելով թմրանյութ վաճառող մի քանի անձի: Սրա հետ կապված, խորհրդարանի շենքի դիմաց տեղադրվել էր նաև Գիորգի Գախարիայի գիպսե կիսանդրին, որի վրա տեղադրված կոճակը սեղմելիս նախարարը ներողություն է խնդրում: Այդ կիսանդրին այժմ ևս խորհրդարանի մոտ են բերել: