Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանիի գլխավորությամբ այսօր՝ մարտի 26-ին տեղի է ունեցել Քաղաքացիական հավասարության և ինտեգրման կառավարական հանձնաժողովի նիստ։
Հանդիպմանը, որին մասնակցել են քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական քաղաքականության իրականացման համար պատասխանատու գերատեսչությունները, Թեա Ախվլեդիանին ներկայացրել է «Քաղաքացիական հավասարության և ինտեգրման 2021-2030 թվականների պետական ռազմավարության» 2023 թվականի գործողությունների ծրագրի կատարման հաշվետվությունը։
Պետնախարարը խոսել է ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունների շրջանակում ձեռք բերված առաջընթացի և այս ոլորտում խնդիրների լուծման դինամիկայի մասին։
«Մանրամասն վերանայեցինք նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը, գնահատեցինք ձեռք բերված արդյունքները, քննարկեցինք մինչև ընթացիկ տարեվերջ իրականացվելիք միջոցառումները։ Մենք շարունակելու ենք մեր ինտենսիվ գործունեությունը հասարակության ներգրավվածությամբ, առաջին հերթին ապահովելով տեղական բնակչության ներկայացուցիչների, քաղաքացիական սեկտորի և միջազգային գործընկերների հետ կանոնավոր հաղորդակցություն»,- ասել է պետնախարար Թեա Ախվլեդիանին։
Հանդիպմանը պետնախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրին ներկայացրել է 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։ Կառավարական հանձնաժողովի նիստին հրավիրյալների կարգավիճակով մասնակցել են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության, Վրաստանի պետական կառավարության լեզվի պետական դեպարտամենտի և Հանրային հեռարձակողի ղեկավարները։
Տեղեկությունը հրապարակել է Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։