ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) սկսել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ գնահատման առաքելությունը։
NDI-ի երկարաժամկետ գնահատողների թիմը բաղկացած է հինգ վերլուծաբաններից, առաքելության ղեկավարից և օգնականներից, հայտնում է Ազգային ժողովրդավարական ինստիտուտը։
Նշվում է, որ վերլուծաբանները Թբիլիսի են ժամանել հուլիսի 22-ին և Վրաստանում կմնան մինչև նոյեմբեր։
«Թիմը կուսումնասիրի ընտրություններին առնչվող տարբեր թեմատիկ հարցեր, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքը, ընտրական վարչարարությունը, ԶԼՄ-ների և տեղեկատվական միջավայրը, ինչպես նաև գենդերային և ներառական խնդիրները։ Կհանդիպեն նաև կառավարության և ընտրական վարչակազմի, իշխող կուսակցության և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և տեղական մոնիտորինգի կազմակերպությունների, հանրային հեռարձակողի և մասնավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ», — հայտնել են NDI-ից։
Նույն հաղորդագրության մեջ նշվում է` NDI-ի երկարաժամկետ գնահատման առաքելությունն իր գործունեությունը կանցկացնի անաչառ և պրոֆեսիոնալ՝ Վրաստանի օրենսդրությանը և Ընտրությունների միջազգային դիտորդության սկզբունքների մասին հռչակագրին համապատասխան: