Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերականգնման հարցը նախկինում քննարկվել է, netgazeti.ge-ի փոխանցմամբ՝ այս լուրը հաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Ըստ Աբաշիձեի՝ նախկինում այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերությունների Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինի հետ:
Վարչապետի հատուկ ներկայացուցչի խոսքով, վերջին անգամ այս հարցով Կարասինի հետ զրուցել է 2022 թվականի մարտին։ Այս խոսակցության ձայնագրությունը հեռարձակվել է հոկտեմբերի 31-ին YouTube-յան Kiber Kmara ալիքով, և այդ զրույցի իսկությունն Աբաշիձեն հաստատել է:
Ինչպես հայտնի է, Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնումից հետո «Վրացական երազանքը» հայտարարեց, թե Ռուսաստանը միակողմանի է ընդունել այդ որոշումը, իսկ սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ օդային հաղորդակցությունը վերականգնելու որոշումը համաձայնեցրել է Վրաստանի կառավարության հետ:
Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականից Վրաստանի հետ արգելված ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին։