Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ երեկվանից հարգանքի տուրք են մատուցում երկրի առաջին դեմքերը, քաղաքական-հասարակական գործիչներն ու հասարակ քաղաքացիները։
Խորհրդարանի մոտ «Ալիք մեդիայի» հետ զրույցում «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթն ասել է, որ Վրաստանի, Հայաստանի, ինչպես նաև խորհրդային մյուս երկրների անկախությունը մեկնարկել է հենց Թբիլիսիում՝ ապրիլի 9-ին։
«Նախկին սովետական հանրապետությունների անկախությունը սկիզբ առավ Թբիլիսիից՝ ապրիլի 9-ին։ Դա վկայում էր, որ մեր երկրներն անկախ են, որդեգրում են ժողովրդավարական ուղին: Որոշ երկրներ արդեն մեծ զարգացումներ են արձանագրել, մյուսները դեռ աշխատում են այդ ուղղությամբ», — ասում է Բայբութը՝ ընդգծելով, որ այլ ուղի չկա, քանի որ ռուսական տանկերի առջև անվախ ու ազատության համար կանգնած քաղաքացիների կամքն անկոտրում է։
Նրա խոսքով, փորձագետները, պատմաբանները՝ վերլուծելով 30 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, նշում են, որ անկախության գործընթացը սկսվել է 1958-59 թվականներին, երբ Խրյուշովը քննադատեց Ստալինին:
«Առաջին անգամ վերջին 200 տարվա ընթացքում և Վրաստանը, և Հայաստանը 30 տարի շարունակ ապրում են անկախ, ժողովրդավարական երկրում: Այսպիսի միջոցառումներին պետք է մշտապես մասնակցել, ծաղիկներ խոնարհել և հիշել նրանց, ովքեր եկան այստեղ՝ տանկերի առջև խաղաղ, առանց զենքի իրենց պահանջները բարձրաձայնելու», — նշեց Բայբուրթը:
Հիշեցնենք՝ 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ԽՍՀՄ զորքերը դաժանաբար ցրեցին խաղաղ ցույցը, ինչի հետևանքով 21 ցուցարար զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին: Ցույցը կազմակերպվել էր Վրաց ազգային ազատագրական կոմիտեի կողմից, որի անդամ էր նաև առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:
1989 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններից 2 տարի անց՝ նույն օրը, Վրաստանի Գերագույն խորհուրդը Գամսախուրդիայի ղեկավարությամբ ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը: