Նախկին վարչապետ Գախարիան՝ Վրաստան Գավրիլովի այցի մասին

Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի (ՆԳ) նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի հետ զրույցում ասել է, որ եթե հանձնաժողովը «արդար և չեզոք» է, ապա նիստում պետք է հարց տալ, թե ով է Սերգեյ Գավրիլովին Վրաստան բերել։

2019 թվականի հունիսի 20-ի «Գավրիլովի գիշերը» տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցին հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանին հիշեցրել է, որ այն ժամանակ Գիորգի Գախարիան որպես ՆԳ նախարար վերահսկում էր Վրաստանի սահմանը։

Գիորգի Գախարիա. «Մենք այսքան ժամանակ զրուցում ենք, և ոչ մի հարց չեք տվել՝ ինչպե՞ս է Գավրիլովը ժամանել Վրաստան, ո՞վ է բերել նրան»:

Թեա Ծուլուկիանի. «Ինչո՞ւ թույլ տվեցիք ներս մտնել սահմանից: Այն ժամանակ դուք էիք վերահսկում սահմանը»։

Գիորգի Գախարիա. «Այն ժամանակ մենք՝ ՆԳՆ-ն, նաև ՊԱԾ-ը (Պետական ​​անվտանգության ծառայությունը), կտրականապես մերժել էինք այդ մարդկանց մուտքի թույլտվությունը։ Այնտեղ մոտ 10-12 հոգի կար, կոնկրետ չեմ հիշում, բայց Գավրիլովից շատ ավելի անցանկալի ազգանուններ կային։ Եվ հետո պատմություն սկսվեց, խորհրդարանից պահանջներ արվեցին, այդ ժամանակ խորհրդարանի ղեկավարությունը ստանձնեց կոնկրետ պատասխանատվությունը։ Սա խորհրդարանի ղեկավարությունն էր՝ Կոբախիձեն (Իրակլի — հեղ.), իսկ դուք ասում եք՝ նա երկրից դուրս էր, բայց ո՞վ էր հյուրընկալում։ Գավրիլովի հետ ես էի գինի խմո՞ւմ։ Քանի որ միջազգային միջոցառում էր, դրանով մեզ սկսեցին շանտաժի ենթարկել՝ ասելով, որ երկիրը ներքաշվելու է միջազգային սկանդալի մեջ, ուզենք թե չուզենք` պետք է բերենք, և կտրականապես դեմ լինողներին` մեզ, ասացին, որ տեղակալ ունի, նա է լինելու այս համաժողովի ղեկավարը։ Դրանից հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Այդ երեկո նրանք հրավիրեցին նրան խնջույքի ինչ-որ ռեստորան, գինի խմեցին, բաժակները զրնգացրին, նստեցին ինքնաթիռ և գնացին. սա է ճշմարտությունն ու իրականությունը, և ոչ ոք պատասխանատվություն չկրեց այդ մարդուն բերելու և այն ամենի համար, ինչ կարող էր լինել հետո»:

Ծուլուկիանիի խոսքով, միջոցառումը հյուրընկալողը Զաքարիա Քուցնաշվիլին է եղել, որն իր վրա է վերցրել պատասխանատվությունը և «այլևս երբեք չի երևացել քաղաքական դաշտում», իսկ «Իրակլի Կոբախիձեն իր վրա վերցրեց քաղաքական պատասխանատվությունը և հրաժարական տվեց», ինչին Գախարիան հակադարձել է, որ «Կոբախիձեին պատասխանատվությունն իր վրա վերցնել են տվել», ասել է. «Այո՛, նա չի վերցրել, նրան վերցնել են տվել: Ինձ վերցնել չեն տվել, երբ որոշել եմ՝ հրաժարական եմ տվել»։

«Վրացական երազանք»-ի պատգամավոր Քուցնաշվիլին խորհրդարանից հեռացել է 2019 թվականի հունիսի 21-ին։ Նա ուղղափառության հարցերով միջխորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ղեկավարն էր, որի շրջանակներում Սերգեյ Գավրիլովը ժամանել էր Վրաստան։ Վեհաժողովի մեկնարկից առաջ Քուցնաշվիլին պնդել էր, որ պետությունը չի կարող հրաժարվել ՌԴ Դումայի պատգամավորներին Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ անընդունելի հայտարարությունների պատճառով։ Բացի Քուցնաշվիլիից, ուղղափառ վեհաժողովում վրացական պատվիրակության անդամներն էին Դիմիտրի Խունդաձեն, Էնձելա Մաճավարիանին, Ադա Մարշանիան և Զվիադ Ձիձիգուրին։

2019 թվականի հունիսի 21-ին Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց խորհրդարանի նախագահի պաշտոնից։

Թեա Ծուլուկիանիի հանձնաժողովը Գախարիային կանչել էր «Գավրիլովի գիշեր»-ի գործով. այն ժամանակ Գախարիան զբաղեցնում էր «Վրացական երազանք»-ի կառավարությունում ՆԳ նախարարի պաշտոնը։

2019 թվականի հունիսի 20-21-ը քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել այն բանից հետո, երբ ռուս կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը քվեարկել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության օգտին և Վրաստանում մասնակցում էր ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի ֆորումին, հեռացվել է Վրաստանի խորհրդարանի ամբիոնից։

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը բողոքի ցույցը ճնշելու ընթացքում վիրավորվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ առնվազն 30 լրագրող։ Բողոքի ակցիան ցրելուց հետո 2 հոգի կորցրել է տեսողությունը, իսկ 2 հոգի մի քանի օր հիվանդանոցում է անցկացրել՝ շնչափող սարքերով։