
Վրաստանի նախկին վարչապետ, ներկայիս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիորգի Գախարիային կանչել են «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողով, որը նախագահում է Թեա Ծուլուկիանին։
Ըստ Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցության` ծանուցման մեջ նշված է, որ նա հրավիրվել է հունիսի 20-ի վերաբերյալ։
2019 թվականի այդ օրը Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց, հակաօկուպացիոն ցույց էր, որը հայտնի է նաև «Գավրիլովի գիշեր» անվամբ, ցրվել էր բռնի կերպով, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, տուժել է 275 մարդ, որոնցից մի քանիսը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, կորցրել են աչքը և տեսողությունը։ Այդ ժամանակ ներքին գործերի նախարարն էր Գիորգի Գախարիան։
«Պարոն Գիորգի Գախարիան հրավիրվել է, և ոչ միայն նա», — ապրիլի 10-ի հանձնաժողովի նիստում ասել է Ծուլուկիանին։
Ծուլուկիանիի խոսքով, հրավիրվել են «մի շարք քաղաքական գործիչներ, որոնք այն ժամանակ վնասակար են եղել և դեռևս վնասակար են երկրի համար դրսից», թեև այլ քաղաքական գործիչների անուններ չի նշել։
Գախարիայի կուսակիցներից Տատա Խվեդելիանին ասել է, որ Գախարիան Վրաստանում չէ, թեև նրա ծնողներին ծանուցում է ուղարկվել, որ նա հրավիրվել է քննչական հանձնաժողովի նիստի։
«Ծանուցման մեջ ասվում է, որ խոսքը վերաբերում է հունիսի 20-ին», — ասել է Խվեդելիանին։
Դեռ հստակ հայտնի չէ, թե արդյոք Գախարիան մտադիր է ներկայանալ նիստին։ Կուսակցությունից ասել են` «գուցե» մասնակցի, «սակայն վերջնական որոշումը Գիորգի Գախարիայինն է»։
Ընդհանրապես ընդդիմադիր քաղաքական գործիչները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ նրանք «Վրացական երազանք»-ով համալրված խորհրդարանը, հետևաբար նաև հանձնաժողովը լեգիտիմ չեն համարում։
«Վրաստանի համար»-ը, մյուս ընդդիմադիր կուսակցությունների նման, 2024 թվականի ընտրությունները համարում է կեղծված, չի ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը, սակայն մանդատներից չհրաժարվելու պատճառով «Վրացական երազանք»-ը նրանց համաի երկու թափուր տեղ է թողել հանձնաժողովում։
Այն բանից հետո, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչները հրաժարվել են ներկայանալ հանձնաժողով, քրեական գործեր են հարուցվել նրանց դեմ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց է կիրառվել գրավը։
- Մամուկա Խազարաձե — «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ` 50 հազար լարի գրավ;
- Բադրի Ջափարիձե — «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ` 50 հազար լարի գրավ;
- Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլի՝ 20 հազար լարի գրավ։
Հանձնաժողովն իր աշխատանքները պետք է ավարտեր մայիսի 5-ին, սակայն այսօր Ծուլուկիանին խորհրդարանին խնդրել է «պաշտոնավարության ժամկետը լրացնել ոչ թե մայիսի 5-ին, այլ հունիսի 5-ին» և «երկարացնել ժամկետն առնվազն մեկ ամսով»։ Ըստ Ծուլուկիանիի` պատճառն այն է, որ հանձնաժողովի մանդատը վերջերս երկարաձգվել է։
Նաև ասել է, որ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանի լիագումար նիստին կներկայացվի սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանի առաջին շաբաթներին։