Նախկին ուժային Շայշմելաշվիլիի եղբորն ազատել են աշխատանքից

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ հանձնարարությունների վարչության օպերատիվ պլանավորման բաժնի նախկին պետ Իրակլի Շայշմելաշվիլիի եղբայրը՝ Բախվա Շայշմելաշվիլին, ազատվել է աշխատանքից։

Բախվա Շայշմելաշվիլին աշխատել է Լագոդեխիի քաղաքապետարանում որպես տեսաօպերատոր և մոնտաժող։ Նա Radiotavisupleba-ի հետ զրույցում հաստատել է պաշտոնանկության լուրը, սակայն հրաժարվել է մեկնաբանություններից։

Շայշմելաշվիլին Լագոդեխիի սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ) աշխատանքի է անցել 2022 թվականի ապրիլից՝ պայմանագրով։ Լագոդեխիի քաղաքային խորհրդի նախագահ Կախա Ջամբուրիան ասել է, թե Շայշմելաշվիլիի պայմանագրի ժամկետը լրացել է 2025 թվականի հունվարի 31-ին, և նրա հետ նոր պայմանագիր չի կնքվել։

Իրակլի Շայշմելաշվիլին եղբոր՝ Բախվա Շայշմելաշվիլիի պաշտոնանկությանն արձագանքել է սոցցանցում. «Չի կարելի բոլորին հեռացնել աշխատանքից, չես կարող բոլորին վախեցնել, չես կարող բոլորին լռեցնել: Ստոր քաղաքականություն եք որդեգրել»:

Իրակլի Շայշմելաշվիլին երկրից մեկնելուց առաջ TV Pirveli-ին տված հարցազրույցում բացահայտել էր ուժային գերատեսչություններում առկա խնդիրները, խոսել ցույցերի ժամանակ ցուցարարներին բռնության ենթարկելու հրահանգների և կատարողների մասին: Հարցազրույցի հրապարակման պահին Շայշմելաշվիլին ընտանիքի հետ արդեն ԱՄՆ-ում էր. երկրից հեռացել է անվտանգության նկատառումներով։

Նախկին բարձրաստիճան ուժայինի սկանդալային բացահայտումը ցույցերի վերաբերյալ