Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին որոշում է կայացրել զբաղվել տուրիզմով․ զբոսաշրջիկները օրական 80 դոլար վճարելով, հնարավորություն ունեն գիշերելու Վրաստանի նախկին նախագահի կառուցած քոթեջում: Այս մասին գրում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Մարգվելաշվիլին Դուշեթիի իր տան հարակից քոթեջի մասին տեղեկատվությունն արդեն տեղադրել է բնակարանների առցանց ամրագրման միջազգային airbnb.com կայքում: Ի դեպ, այստեղ չի նշվում, որ քոթեջը պատկանում է նախկին նախագահին․ նա որոշել է այդ փաստը ներկայացնել որպես անակնկալ:
Մինչև հունիսի 4-ը կահավորված, հարմարավետ քոթեջը հնարավոր է ամրագրել 20 տոկոս զեղչով: Ամրագրման գործընթացը վերահսկում է նախկին նախագահի դուստրը՝ Աննա Մարգվելաշվիլին:
Լրատվամիջոցի տեղեկատվությամբ, նախագահի պաշտոնում իր լիազորությունն ավարտելուց հետո Մարգվելաշվիլիի ընտանիքը եկամտի այլընտրանքային ուղիներ էր փնտրում: Նա վերադարձել է իր նախկին գործին՝ «Քաղաքականություն» թեմայով դասախոսություն է կարդում Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում (GIPA)։
Լրագրողի հարցին, թե արդյոք Հավլաբարի նստավայրը լքելուց հետո կուտակած գումար ուներ, նախկին նախագահը պատասխանել է, որ ընդամենը 6000 լարի (մոտ 2,2 հազար դոլար) ուներ:
Դեպի քոթեջ տանող ճանապարհին կարելի է տեսնել Մարգվելաշվիլիի փոքր այգին, որտեղ նախկին նախագահը կարտոֆիլ ու այլ բանջարեղեն է աճեցնում: Հյուրերին նա կհյուրասիրի իր ձեռքերով աճեցրած բանջարեղենը: Որպես անուշեղեն սպասվում է նուռը, որի սերմերը Մարգվելաշվիլիին նվիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Կարտոֆիլը բելառուսական է․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է նվիրել:
Էներգիա տնտեսող այս քոթեջը Մարգվելաշվիլին կառուցել է 2 տարի առաջ, երբ երկրի նախագահի պաշտոնում էր, կահույքը նույնպես նրա ձեռքի գործն է։
Տունը Մարգվելաշվիլին ձեռք է բերել դեռև 2004 թվականին՝ ընդամենը 2,5 հազար դոլարով: