Նախկին նախագահը միանում է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան»-ին

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին միանում է «Ուժեղ Վրաստան» կոալիցիային, հայտնել է Netgazeti լրատվամիջոցը:

«Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն սոցցանցում լուսանկար է հրապարակել «Առջևում միայն հաղթանակ է» մակագրությամբ։ Ոչ պաշտոնական միջավայրում արված լուսանկարում երևում են Գիորգի Մարգվելաշվիլին, Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն, Փիքրիա Չիխրաձեն, Դավիթ Գամկրելիձեն և Դավիթ Ռաքվիաշվիլին։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի և Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցության միավորման շուրջ բանակցություններն ավարտվել են անարդյունք։ Բանակցություններն ընթացել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միջնորդությամբ։

«Ուժեղ Վրաստան»-ը միավորում է «Լելո», «Քաղաքացիներ», «Ազատ հրապարակ» և «Ժողովրդի համար» կուսակցությունները։