Երկրում ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վերջին հայտարարություններից մեկը հասարակական կազմակերպություններին ուղղված մեղադրանք է առ այն, որ նրանք սատարել են Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությանը։ «Ռեժիմի սադիզմը վայելում էր հասարակական կազմակերպությունների (ՀԿ) լիակատար աջակցությունը», — ասել է Իվանիշվիլին ապրիլի 29-ին «Վրացական երազանքի» կազմակերպած հանրահավաքի ելույթում։
Համառոտ
Վրաստանի հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները հնարավոր բոլոր միջոցներով մատնանշում էին վրացական կառավարության սխալներն ու երկրում առկա խնդիրները և՛ մինչև 2012 թվականը, և՛ դրանից հետո: Ըստ անհրաժեշտության՝ քննադատական գնահատականներ են տրվել ինչպես ներկա, այնպես էլ նախորդ իշխանությունների մարտահրավերներին, և հենց դրանց մասին են վկայում հոդվածում ներքոբերյալ բազմաթիվ օրինակները։
Վերլուծություն
Ապրիլի 29-ին «Վրացական երազանքը» ակցիա է անցկացրել՝ աջակցելով «Գործակալների օրենքին»։ Իշխող կուսակցությունը կազմակերպել է հազարավոր մարդկանց մարզերից Թբիլիսի տեղափոխումը՝ ցույցին մասնակցելու նպատակով։ Ըստ լրատվամիջոցների՝ իշխող կուսակցությանը սատարելու համար Թբիլիսի բերված քաղաքացիների մեծ մասը պետական ծառայողներ էին և նրանց ընտանիքի անդամները։
Բիձինա Իվանիշվիլին իր ելույթում երկար խոսել է հասարակական կազմակերպությունների մասին, որոնց միջոցով, ըստ նրա, օտարերկրացիները փորձում են Վրաստան վերադարձնել «անմարդկային ու սադիստական բռնապետությունը»։ Նա մեղադրել է հասարակական սեկտորին նախորդ իշխանությունների կատարած հանցագործություններին աջակցելու համար։
Բիձինա Իվանիշնիլին ասել է. «Շատերը կարծում են, որ այդ հանցագործությունների հիմնական պատճառը Սաակաշվիլիի և նրա հանցակիցների անմարդկային, սադիստական և ոչ հայրենասիրական էությունն էր։ Սակայն, իրականում այն ամենը, ինչ նրանք անում էին, պատվիրված ու ուղղորդված էր դրսից՝ իրենց տերերի կողմից։ Այս ռեժիմի առաջ օտարերկրյա քաղաքական գործիչները կանաչ լույս էին վառել, այն նույն գործիչները, որոնք այսօր Սաակաշվիլիին, Գվարամիային և Կեզերաշվիլիին անմեղ գառներ են հռչակում և պահանջում են պատժել գործող իշխանությանը։ Այսօր այդ օտարերկրացիների նպատակը անմարդկային ու սադիստական բռնապետությունը Վրաստան վերադարձնելու ցանկությունն է, որը մենք ոչ մի գնով թույլ չենք տա։ Երբ խոսում ենք կանաչ լույսի մասին, պետք է հիշել նաև, որ ռեժիմի սադիզմը լիակատար աջակցություն էր վայելում ՀԿ-ների կողմից»։
Սակայն փաստերը, հասարակական կազմակերպությունների տարեկան հաշվետվություններն ուսումնասիրելու դեպքում, բոլորովին այլ բան են վկայում։ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան», «Մարդու իրավունքների կենտրոնը», «Հավասարության ինստիտուտը», «Սահմանադրության 42-րդ հոդվածը» և այլ ՀԿ-ներ պաշտպանել են մարդու իրավունքները և իրենց գործունեությամբ անհանգստություն պատճառել նախկին իշխանություններին։
Եթե դիտարկենք Մարդու իրավունքների կենտրոնի 2011 թվականի զեկույցը, որն արտացոլում է մարդու իրավունքների վիճակը Վրաստանում և հիմնված է Մարդու իրավունքների կենտրոնի, ինչպես նաև այլ գործընկեր հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և Օմբուդսմենի գործունեության վրա, կտեսնենք, որ այս հասարակական կազմակերպությունն ակնհայտ քննադատաբար է վերաբերվում կառավարության գործունեությանը։ Դրա մասին են վկայում նաև Կենտրոնի կողմից 2009-2012 թթ. օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ պատրաստված զեկույցները։ Կենտրոնը բացասաբար է գնահատել 2009 և 2010 թվականներին հավաքների և ցույցերի մասին Օրենքում արված փոփոխությունները և հետևություն է արել, որ կիրառվել է անհամաչափ ուժ։
«Հավաքների և ցույցերի մասին» օրենքում կատարված վերջին (2012 թ.) փոփոխությունները հակասում են Սահմանադրական դատարանի որոշմանը և կասկածի տակ են դնում Վրաստանի կառավարության հավատարմությունն օրենքի գերակայությանը։ Բացի այդ, տվյալների պաշտպանության և հաղորդակցության վերաբերյալ օրենքների նոր զարգացումները մտահոգություններ են առաջացրել քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության իրավունքի վերաբերյալ»,- նշվում է զեկույցում։
Ինչպե՞ս են անկախ լրատվամիջոցները լուսաբանել 2003-2012 թթ. իրադարձությունները
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը Վրաստանում 2008 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցում գրել է. «Բոլոր մակարդակների ընտրական վարչակազմը և դատարանները լիարժեք ու համարժեք չեն հետաքննել բազմաթիվ բողոքներ՝ կապված քվեարկության, ձայների հաշվման և ընտրությունների արդյունքների ու հայտնաբերված խախտումների հետ։ Բողոքներից մի քանիսը լուրջ մեղադրանքներ են պարունակում բազմակի քվեարկության, քվեաթերթիկների լցոնման և կեղծման վերաբերյալ: Բողոքներում պահանջել են անվավեր ճանաչել բազմաթիվ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները»։
Մեկ այլ հասարակական կազմակերպություն՝ humanrights.ge-ն, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու մասին գրել է. «2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության բողոքի ակցիան՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնանկության պահանջով, ավարտվեց ոստիկանների կողմից ցույցը ցրելով։ Տուժել են նաև ցուցարարների և ոստիկանների միջև բախումները լուսաբանող լրագրողները: Նույն օրը հատուկ ջոկատայինները ներխուժել են «Իմեդի» հեռուստաընկերություն, խուզարկել և վնասել են տեխնիկան, լրագրողներից խլել են բջջային հեռախոսները, նրանց հանել են շենքից։ Այդ ժամանակ հեռուստաընկերությունը պատկանում էր գործարար Բադրի Պատարկացիշվիլիին։ Նա բացահայտորեն աջակցել է ընդդիմությանը և, ըստ իշխանությունների, ֆինանսավորել է բողոքի ակցիաները։
2011 թվականի մայիսի 26-ին հանրահավաքը ցրելու դեպքերի հետ կապված տեղի են ունեցել մարդու իրավունքների լուրջ խախտումներ, և GYLA-ն իր զեկույցում գրել է. «Ցուցարարներին թույլ չտվեցին հեռանալ հանրահավաքի տարածքից և նրանց նկատմամբ կիրառեցին ակնհայտ անհամաչափ ուժ։ Հանրահավաքի ցրման գործընթացն իրականացվեց այնպես, որ չկարողացան արդյունավետորեն կանխել ոստիկանների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հանրահավաքի մասնակիցներին սպառնացող վտանգը, որի հետևանքով զոհվեց 5 մարդ»։
Նշենք նաև, որ այն հասարակական կազմակերպությունները, որոնք նախկին իշխանությունների օրոք քննադատում էին իշխանությանը, այսօր հենց իրենք են թիրախավորված։
Հասարակական կազմակերպությունների կողմից Վրաստանի ժողովրդին աջակցելու ցայտուն օրինակներից է 2008 թվականի պատերազմից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան (Ստրասբուրգի դատարան) բողոքների ներկայացման գործում աջակցությունը։ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պաշտպանել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ավելի քան 350 զոհերի շահերը։ GYLA-ն, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 53 բողոք՝ պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրոպական կոնվենցիայով նախատեսված տարբեր իրավունքների խախտման վերաբերյալ։
Վրաստանի կառավարությունը տարիներ շարունակ փորձում է վնասել հասարակական հատվածի հեղինակությունը և նրանց ներկայացնել որպես ժողովրդի թշնամի։ Սա ավելի տեսանելի դարձավ 2023 թվականին, երբ նույն թվականի փետրվարի 14-ին խորհրդարան ներկայացվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Ըստ այդմ՝ Բիձինա Իվանիշվիլիի մեղադրանքները նորություն չեն։ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները նախկինում բազմիցս նման հայտարարություններ են արել։ Օրինակ՝ նախկին վարչապետ, իսկ այժմ «Վրացական երազանքի» ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, թե մինչեւ 2012 թվականը դատարանում Ամերիկայի եւ Եվրոպայի հասցեին քննադատություն չի եղել։ Անտեսվել է այն իրողությունը, որ Վրաստանի եվրոպացի և ամերիկացի գործընկերները տարբեր ձևերով մատնանշում էին Վրաստանի դատական համակարգի հետ կապված խնդիրները և՛ մինչև 2012 թվականը, և՛ դրանից հետո։ Ինչպես ներկա, այնպես էլ նախորդ իշխանությունների օրոք քննադատական գնահատականներ են տրվել դատական համակարգի մարտահրավերների առնչությամբ։
Հատկանշական է նաև այն փաստը, որ «Վրացական երազանքի» գործադիր և օրենսդիր իշխանության բազում ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, աշխատել են հասարակական հատվածում։ Հետևաբար, եթե «գործակալների մասին օրենքը» գոյություն ունենար տարիներ առաջ, ապա «Վրացական երազանքի» առաջնորդների ու խորհրդարանականների մեծ մասը կպիտակավորվեր որպես «գործակալ», — գրել է «Ազատություն» ռադիոկայանը։
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկության համաձայն՝ կառավարության և խորհրդարանի կայքերում հրապարակված տվյալները փաստում են, որ կառավարության անդամների թվում կա չորս պաշտոնյա, իսկ խորհրդարանականների թվում` 21 պատգամավոր, որոնք նախկինում աշխատել են հասարակական հատվածում։ Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն 9 տարի աշխատել է միջազգային դոնոր կազմակերպություններում, 2000-2001 թթ. որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հանրակրթական ծրագրի տարածաշրջանային համակարգող, իսկ 2006-2014 թթ.՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար:
Եզրակացություն
Վրացական հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները մշտապես մատնանշել են Վրաստանի կառավարության թերացումները և երկրում առկա խնդիրները՝ ինչպես 2012 թվականից առաջ, այնպես էլ` դրանից հետո։ Ըստ անհրաժեշտության՝ քննադատական գնահատականներ են տրվել ինչպես ներկա, այնպես էլ նախորդ իշխանությունների մարտահրավերներին, ինչի մասին են վկայում հոդվածում բերված բազմաթիվ օրինակները։
Այն, որ լրատվամիջոցները բարձրաձայնում էին նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած անարդարությունների մասին, վկայում է, որ նրանք չեն աջակցել «ռեժիմի սադիզմին»։ Հոդվածում քննարկվող զեկույցները նաև վկայում են, որ հասարակական հատվածը թե՛ ներկա, թե՛ նախորդ իշխանությունների օրոք փորձել է պաշտպանել քաղաքացիական հասարակության իրավունքները և այդ նպատակով հակառակվել է իշխանություններին։