Նախկին դեսպանին տուգանել են ճանապարհը փակելու մեղադրանքով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Ֆրանսիայում Վրաստանի նախկին դեսպան Էկա Սիրաձեին տուգանել է 5000 լարիով:

Նրան մեղադրում են փետրվարի 16-ին ճանապարհը փակելու մեջ։ Նախկին դեսպանին 5000 լարի տուգանքի մասին գրավոր հաղորդումը հանձնվել է փետրվարի 20-ին:

Սիրաձեն Ֆրանսիայում Վրաստանի դեսպանն է եղել 2013 թվականի մայիսից մինչև 2018 թվականի օգոստոսը։

«Երբ հասա խորհրդարան, ճանապարհն արդեն փակ էր: Ես կանգնած էի մայթին և զրուցում էի ընկերոջ հետ… Ինձ ասացին, որ, հավանաբար, նույնականացումը լուսանկարներով է եղել… Կարծում եմ՝ դա պատժիչ միջոց է. պատժում են նրան, ով չի ենթարկվում։ Բոլորին կոչ եմ անում բողոքարկել», — ասել է Սիրաձեն:

Շարունակվող եվրոպամետ ցույցերին զուգահեռ ոստիկանությունը տասնյակ մարդկանց հաղորդում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին, իսկ «Վրացական երազանք»-ը խստացնում է կանոնակարգերը։ Այս ընթացքում մի շարք մարդիկ տուգանվել են ճանապարհը փակելու համար։

Արդեն 86 օր է՝ նոյեմբերի 28-ից, Թբիլիսիում և այլ քաղաքներում ընթանում են եվրոպամետ ցույցեր։ Բողոքի շարունակական ալիքը հաջորդեց «Վրացական երազանք»-ի այն հայտարարությանը, թե իրենք որոշել են մինչև 2028 թվականը օրակարգ չդնել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների բացումը։

Ցուցարարներն իրենց բողոքն արտահայտում են երթերով և ելույթներով։ Նրանք պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ձերբակալվածներին:

ՆԳՆ-ն լրագրողներին մեղադրում է ճանապարհը փակելու մեջ