Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ հանձնարարությունների վարչության օպերատիվ պլանավորման բաժնի նախկին ղեկավար Իրակլի Շայշմելաշվիլին երկրից մեկնելուց առաջ TV Pirveli-ին տված հարցազրույցում բացահայտել է ուժային գերատեսչություններում առկա խնդիրները, խոսել ցույցերի ժամանակ ցուցարարներին բռնության ենթարկելու հրահանգների և կատարողների մասին:
Հարցազրույցի հրապարակման պահին Շայշմելաշվիլին ընտանիքի հետ արդեն ԱՄՆ-ում. երկրից հեռացել է անվտանգության նկատառումներով։
«Եթե այս հարցազրույց հրապարակվի, և ես մնամ այստեղ, հաջորդ օրը կարող են իմ տանից առգրավել մեկուկես կիլոգրամ կոկաին», — TV Pirveli-ին ասել է Շայշմելաշվիլին:
Ըստ նրա՝ հատուկ հանձնարարությունների վարչությունից հեռանալու պատճառը ԵՄ-ի կողմնակիցների ցույցերում ոստիկանների կողմից ցուցարարների ծեծն ու բռնությունն էր։
Դեկտեմբերի սկզբին նա աշխատանքից ազատման դիմում է գրել, հանձնել մեքենան ու բանալիները, նշել պաշտոնից ազատվելու պաշտոնական պատճառը՝ «ընտանեկան պայմանների պատճառով»։ Որոշման իրական դրդապատճառը վերադասներին հայտնի է եղել. ինքն է նրանց ասել։ Հրաժարականի մասին ֆեյսբուքյան գրառման մեջ Շայշմելաշվիլին նշել է Վրաստանի և Եվրամիության դրոշները:
«Վերջին իրադարձություններն ինձ համար ջրբաժան էին, ես չէի դիմանում ոչ ֆիզիկապես, ոչ էմոցիոնալ, ոչ բարոյապես», — ասել է Շայշմելաշվիլին. նա հատուկ հանձնարարությունների վարչություն է տեղափոխվել 2018 թվականին՝ պաշտպանության նախարարությունից 16 տարի աշխատելուց հետո։
Նա այս գոերատեսչությունը ներկայացրել է 2021 թվականի հուլիսի 5-ին, 2019 թվականի «Գավրիլովի գիշեր»-ը և «գործակալների օրենք»-ի դեմ շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ։
Ըստ Շայշմելաշվիլիի՝ ոստիկանների կիրառած բռնությունը կանխամտածված գործողություն էր։ Նա պատմել է մի քանի կարևոր պատմություններ՝ ապացուցելու իր տեսակետը:
Ցուցերի ցրման եղանակն ու իրականությունը
Շայշմելաշվիլին ասել է, որ ծրագիրը, որով հատուկ հանձնարարությունների վարչությունն ցրում է զանգվածային հավաքները, չի համընկնում մարտավարական փաստաթղթի հետ, որն առաջնորդում է ՆԳՆ-ն նման գործողությունների ժամանակ։ Այս փաստաթղթի հեղինակներից մեկն ինքն է, և, ըստ նրա՝ հրաման արձակողները գործում են այլ կանոններով։
Շայշմելաշվիլիի հարցազրույցից պարզ է դառնում, որ քանի դեռ հատուկ հանձնարարությունների վարչությունն չէր ներգրավվում գործի մեջ, հրաման տվողները ՆԳ նախարարի տեղակալներն էին լինում, և հենց որ հատուկ ջոկատայինները դուրս էին բերվում, բոլոր իրավունքները փոխանցվում էին այս գերատեսչության ղեկավարին՝ Զվիադ Խարազիշվիլին («Խարեբա») ու նրա տեղակալներին:
«Հաշվեհարդարը (ցուցարարների նկատմամբ բռնություն-հեղ.)չի որոշվում վարչության կանոնադրությամբ, այն, ինչ դուք տեսնում եք մեր գործելաոհը չէ։ Հանրահավաքը ցրելը բոլորովին այլ մարտավարությամբ է ընթանում», — ասել է Շայշմելաշվիլին:
Համակարգից հեռացած բարձրաստիճան պաշտոնյայի գնահատմամբ՝ իրավապահների պահվածքը ծառայում է ոչ թե կարգուկանոնը վերականգնելուն, այլ լարվածություն ու անկարգություն սերմանելուն։
Ովքեր են «սևազգեստ» ոստիկանները
Ըստ Շայշմելաշվիլիի՝ «ցուցարարներին ծեծելը միտումնավոր» քայլ է եղել: Նա կարծում է, որ ցուցարարներին դաժանորեն բռնող «սև դիմակավորները» կարող են նույնիսկ ոստիկան չլինել։ Նրա ենթադրությունը հիմնված է այս խմբերի վարքագծի, հագուկապի և պատրաստվաղության ոճի վրա։ Նա համաձայն է TV Pirveli-ի լրագրողի այն կասկածին, որ սևազգեստ, դիմակավորված և հատկապես ագրեսիվ անձինք հատուկ խմբեր են, որոնք ցանկանում են քաոս ստեղծել և ոչ թե կարգ ու կանոն հաստատել ցույցերում։
Բացի այդ, նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, հատուկ հանձնարարությունների վարչություն «Խարեբա»-ի ժամանումից հետո, 2021 թվականից ոստիկանության աշխատակիցներն այլևս չեն կրում նույնականացման համարներ, ինչը դժվարացնում է անգամ ՆԳՆ-ի կողմից նրանց ճանաչելը և ճանապարհ է հարթում դեպի անպատժելիության սինդրոմ: Այս հանգամանքը կարող է բռնության խթան հանդիսանալ։
Արհեստականորեն հրահրված խառնաշփոթ
Շայշմելաշվիլին պնդում է, որ հատուկ հանձնարարությունների վարչություն է ստեղծում ցույցի ցրման նախադրյալները՝ վարձու սադրիչներով, որոնք գործում են ըստ սցենարի՝ հայհոյելով ոստիկաններին և տարբեր իրեր նետելով։ Վերջնական նպատակը ցույցի մասնակիցներին սատանայացնելն է, թե նրանք «երկրի թշնամիներ են»։
«Բազմիցս խոսվել է այն մասին, որ ցուցարարները ինչ-որ առարկաներ են նետել ոստիկանների վրա, և հետո սրանով ցուցարարների դեմոնիզացիա է արվում, սրանք ցուցարարները չեն, որպեսզի հանրությունը իմանա՝ նրանք 500-1000 լարիով ուղարկված սադրիչներն են», — ասել է Շայշմելաշվիլին:
Նա ասում է, որ ցուցարարներին «վարկաբեկելու» օպերացիան հաջող է ընթանում նաև համակարգի ներսում. ոստիկանության աշխատակիցները «թունավորվում են տեղեկություններով», թե ցույցերում բռնի մարդիկ և դավաճաններ են:
Ինչու օրենքը խախտած ոստիկանը չի պատժվում
Շայշմելաշվիլին վստահ է՝ ցուցարարների նկատմամբ բռնության համար ոչ ոք չի պատժվի, քանի որ համակարգի ներքին խոհանոցն այլ կերպ է դասավորված: Նա նկարագրում է հատուկ քննչական ծառայության հետ կապի գործընթացը՝ նշելով, որ գործակալությունը պաշտոնական նամակներ է ուղարկում, իսկ ՆԳՆ-ն պաշտոնական պատասխան է տալիս, որ դա գաղտնի տեղեկատվություն է. «Սրան գումարվում է նույնականացման խնդիրը, նույնիսկ ՆԳՆ-ում չգիտեն՝ ով ով է»:
Նրա խոսքով, ծեծի ենթարկված ու խոշտանգված ցուցարարները ոչ թե առանձին ոստիկանների ապօրինի վարքագծի արդյունք են, ինչպես պնդում է ՆԳՆ-ն, այլ պատվեր. «Ոստիկանն առանց հրամանի չի շարժվում, քանի դեռ հրաման չունի հետապնդելու, չի գործւոմ»:
Իվանիշվիլին և «Խարեբա»-ն
Շայշմելաշվիլիի խոսքով՝ ՆԳՆ համակարգը կենտրոնացված է, բոլոր որոշումներն ընդունվում են վերևից վար սկզբունքով։ Ուստի Շայշմելաշվիլին չի բացառում, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին ինքն է տալիս ցույցերը ցրելու հրամանները։ Բացի այդ, նա գիտի Իվանիշվիլիի և Խարազիշվիլիի սերտ կապերի մասին։
«Իվանիշվիլին անձամբ է ակպի մեջ նախարարի (ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի-հեղ.) հետ: Չեմ բացառում, որ (Իվանիշվիլին-հեղ.) կապի մեջ է այլ գերատեսչությունների ղեկավարների հետ, օրինակ՝ իմ բաժնի պետի հետ…», — ասել է Շայշմելաշվիլին։
Հուլիսի 5
Լրագրողը ոչինչ չի հարցրել «Գավրիլովի գիշեր»-ի ացույցերի մասին, սակայն հարցրել է հուլիսի 5-ի մասին. դա այն օրն է, երբ աջ արմատական և հոմոֆոբ խմբերը հարձակվել են լրագրողների վրա, հետապնդել և ծեծել ԼԳԲՏ ակտիվիստներին։ Ոստիկանները չկարողացան/չպաշտպանեցին նրանց:
Ի պատասխան՝ Շայշմելաշվիլին ասել է, որ 2021 թվականի հուլիսի 5-ին ոստիկանությունը գործել է պատրիարքարանի մամուլի քարտուղար Անդրիա Ջաղմաիձեի հետ համաձայնեցված, սակայն մանրամասներ չի հստակեցրել: Իր իսկ պնդմամբ՝ ՆԳ փոխնախարար Շալվա Բեդոիձեն է իրեն տեղեկացրել Ջաղմաիձեի հետ շփման մասին, և այն պլանի մասին, որը մշակվել է հատուկ հանձնարարությունների վարչության կողմից:
Օկուպացիոն գիծ
Շայշմելաշվիլին հավելել է, որ հատուկ հանձնարարությունների վարչությունը երկու տարի չի օգտագործում ԱՄՆ-ի կողմից նվիրաբերված հեռահար հետախուզական սարքավորումները, ինչը դժվարացնում է օկուպացիոն գծի արդյունավետ մոնիտորինգը։ Նա ենթադրում է, որ օկուպանտների կողմից Թամազ Գինտուրիի սպանությունից կարելի էր խուսափել, եթե կիրառվեր այս տեխնիկան։
«Այս մարդիկ, ովքեր պետք է անեն դա (հետախուզությունը-հեղ.), ուսումնասիրում են ուրիշների ֆեյսբուքները, թե՝ ով ում է հավանել, մեկնաբանել, սքրինշոթեր են անում և բերում ղեկավարությանը… Դաթո Քացարավայից լսեցինք, թե ինչ է կատարվում (օկուպացիոն գծի հետ կապված-հեղ.)», — ասել է Շայշմելաշվիլին:
Ինչու հեռացավ երկրից
Շայշմելաշվիլին հիշում է իր պաշտոնը լքելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները և ասում, որ այս որոշման պատճառով ընտանիքի անդամներին, այդ թվում՝ իր փոքր որդուն սպառնում էին վերացնել։ Սա բավական պատճառ էր, որ նա մտածեր երկրից հեռանալու մասին։
Բացի սպառնալիքներից, խոսակցություններ կար նաև «Խարեբա»-ի տեղակալ Միրզա Կեզևաձեի կողմից ֆիզիկական հաշվեհարդարի մասին։
«Ասում էին, որ սա հավասարազոր է դավաճանության, փոխնախարարն ինձ հարցրեց՝ այս գործընթացների պատճառով եք հեռանում։ Եվ ես դա հաստատեցի։ Շարունությունը շատ վատ էր՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, լիկվիդացիա», — պատմել է Շայշմելաշվիլին։
Լրագրողի ճշտող հարցին՝ դա միայն սպառնալիք էր, թե՞ այն իրականացվել է, Շայշմելաշվիլին պատասխանել է.«Ծեծկռտուք է եղել, ֆիզիկական հարձակում է եղել»։ Շայշմելաշվիլիի խոսքով՝ դրանից հետո սպառնալից տեքստերով զանգեր է ստացել:
Ի դեպ, Շայշմելաշվիլիի հայտարարություններին ուժային ոչ մի գերատեսչություն դեռ չի արձագանքել: